Մատչելի հղումներ

Լա Մանշի երկու կողմերում մտահոգված են Բրեքզիթի ընթացքով


Ֆրանսիան Մեծ Բրիտանիայից բաժանող Անգլիական նեղուցի կամ Լա Մանշի երկու կողմերում տարակուսանքով են հետեւում Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու գործընթացին։ Չէ որ մի կողմից ֆրանսիական Կալեն, մյուս կողմից անգլիական Դովերը շուտով կհայտնվեն սահմանի հակառակ կողմերում։ Իսկ երկու կողմում էլ ասում են, թե չեն կարող գոյատեւել առանց մեկը մյուսի, եթե Բրեքզիթի պատճառով սահման դրվի միմյանց միջեւ։


Ֆրանսիայի կառավարությունն արդեն սկսել է աշխատանքի ընդունել սահմանային հավելյալ թվով ծառայողների։ Կազմվում են առցանց փաստաթղթեր ֆրանսիական այն 1ՕՕ հազար ընկերությունների համար, որոնք բիզնես գործարքի մեջ են Մեծ Բրիտանիայի հետ։ Բրեքզիթի դեպքում տնտեսապես ու պատմականորեն իրար հետ շատ սերտ կապեր ունեցող այս երկու երկրների միջեւ սկսվելու են ներկրվող ու արտահանվող ապրանքների ստուգումներ։
Կալեի առեւտրի պալատի աշխատակիցները նշում են, որ Մեծ Բրիտանիայի շուկայում որեւէ խնդիր կդառնա խնդիր նաեւ իրենց համար։

Առանց գործարքի Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից դուրս գալու դեպքում ֆրանսիական կողմում կլինեն շահողներ ու տուժողներ։ Օրինակ բրիտանական ավտոընկերություններն իրենց ձեռնարկությունները կարող են տեղափոխել Ֆրանսիա։ Ինչ վերաբերում է ձկնորսությանն ու զբոսաշրջությանը, ապա երկու այս ճյուղերը կտուժեն մեծապես։

Ինչպես Կալեի բնակիչներն են ասում, Անգլիայի բնակիչներն այլեւս չեն օգտվում իրենց լաստանավերից ու ավելի շատ երթեւեկում են նեղուցի տակով անցնող Եվրոստար գնացքով։ Նրանք սակայն հույս ունեն, որ Բրեքզիթի դեպքում նորից կհաստատվեն հարկերից ազատված ծառայություններ ու մարդիկ այստեղ կգան ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ գնելու համար։

Այնպես որ, Կալեն այժմ սպասողական իրավիճակում է, ու անհամբեր սպասում է, տեսնելու համար, թե ինչ քայլ են կատարում նեղուցի հակառակ կողմում։

XS
SM
MD
LG