Հինգ ամիս առաջ Իսրայելի վերջին ընտրությունների ընթացքում երկրի արաբ քաղաքացիների կեսը մասնակցել է քվերակությանը: Նրանց ներկայությունը երկրի խորհրդարանում նվազել է 2015 թվականի 13 անդամից մինչև 9 պատգամավորի:
Գալիք ընտրություններում սակայն արաբներին ներկայացնող կուսակցությունները հույս ունեն ավելի շատ ձայներ հավաքել՝ համախմբված հանդես գալու շնորհիվ: Միացյալ ցուցակը ներկայացնող գործիչները կոչ են անում իրենց ընտրողներին մասնակցել ընտրություններին, քանի որ նրանց ձայնը կարող է լինել որոշիչ:
Քնեսետի անդամ Յուսեֆ Ջաբարին ևս կոչ է անում արաբ ընտրողներին մասնակցել ընտրություններին, քանի որ այս միջոցով հնարավոր է կասեցնել վարչապետ Նեթանյահուի աջակողմյան ազգայնական կառավարության ձևավորումը, որը խտրական օրենքներ կարող է ընդունել արաբ ազգաբնակչության դեմ:
Նեթանյահուն բազմիցս հերքել է խտրական վերաբերմունքի մասին մեղադրանքները՝ մատնանշելով համալսարաններում արաբ ուսանողների թվի աճն ու Քնեսետում արաբների ներկայությունը:
Արաբական կուսակցությունները երբևէ ներգրավված չեն եղել կառավարական որևէ կոալիցիայում: Այժմ սակայն հնչում են կարծիքներ դրա հնարավորության վերաբերյալ: Դրա մասին հայտարարել է նաև Միասնական ցուցակը գլխավորող Այման Օդեհը:
«Կարծում եմ այդ հայտարարությունը կարևոր է, քանի որ խրախուսում է արաբ ընտրողներին: Այն ուղերձ է նաև հրեա առաջնորդներին այն մասին, որ նրանք կարող են ունենալ գործընկերներ արաբական համայնքում։ Չեմ բացառում, որ ականատես լինենք ավելի ու ավելի շատ հրեա-արաբական համագործակցության քաղաքական ասպարեզում»,- նշում է Abraham Fund Initiative հաստատության համատնօրեն Թաբեթ Աբու Ռասը:
Ազգությամբ արաբ քաղաքացիների շրջանում մեծանում է մտահոգությունը՝ կապված իրենց բնակավայրերում հանցագործությունների թվի աճի և կառավարության խտրական քաղաքականության հետ:
Նրանց մեծամասնությունը աջակցում է Պաղեստինյան պետության ստեղծումը և մտավախություն ունի, որ Նեթանյահուն փորձում է վիժեցնել այդ հնարավորությունը:
Եթե արաբներին ներկայացնող Միասնական ցուցակը բավարար ձայներ հավաքի գալիք ընտրություններում, ապա այն կարող է կարևոր դեր ստանձնել հաջորդ կառավարության կազմում:
Facebook Forum