Մատչելի հղումներ

Իրանական նավթակիր նավը անտեսել է Եվրամիության պատժամիջոցները


Իրանական նավթակիր այն նավը, որը վերջերս դարձել էր Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական լուրջ խնդրի պատճառ, նավթը վաճառել է Միջերկրական ծովում խարիսխ նետելուց հետո: Այս մասին հայտարարելով` Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբբաս Մուսավին մանրամասնություններ չի հայտնել, թե ‘’Ադրիան Դարիա’’ նավը որ երկրին է վաճառել նավթը:
Նավը, ըստ արբանյակներից ստացված լուսանկարների, ուղղություն էր վերցրել դեպի Սիրիա:
Հիշեցնենք, որ նավը հուլիս ամսին էր Ջիբրալթարի ափերին կանգնեցվել բրիտանական ուժերի կողմից, այն կասկածներով, որ, ոտնահարելով Եվրոպական միության պատժամիջոցները, այն նավթ էր տեղափոխում դեպի Սիրիա: Բրիտանական տարածք համարվող Ջիբրալթարում նավը պահվել էր մոտ վեց շաբաթ: Երթը շարունակելու իրավունք նավը ստացել էր, երբ Ջիբրալթարի իշխանություններին հավաստիացրել էր, որ չի ուղեւորվի դեպի Եվրոպական միության պատժամիջոցների տակ գտնվող որեւէ երկիր:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ակնարկել է նաեւ, որ Իրանը շուտով կթույլատրի իր կողմից կանգնեցված բրիտանական դրոշի ներքո նավարկող ‘’Ստենա Իմփերո’’ նավի նավարկությունը: Իրանի այս քայլը շատերի կողմից դիտվել է որպես պատասխան քայլ:

Նավթակիր նավերի հետ կապված այս միջադեպերը համարվում են Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Դոնալդ Թրամփի կայացրած որոշման հետեւանք, երբ ԱՄՆ-ը սկսել էր նոր պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի`մեծապես վնասելով այս երկրի տնտեսությունը:

XS
SM
MD
LG