Մատչելի հղումներ

Մոսկվայի քաղաքային ընտրություններում կառավարող կուսակցությունը կրել է մեծ կորուստներ


Ռուսաստանում կառավարող ‘’Միացյալ Ռուսաստան’’ կուսակցությունը կիրակի օրն անցկացված Մոսկվայի քաղաքային ընտրություններում կրել է մեծ կորուստներ: Գրեթե բոլոր ձայների հաշվարկի արդյունքում, այս կուսակցությունը կորցրել է քաղաքային խորհրդարանի 45 տեղերի մեկ երրորդը: Սակայն մոտ 26 աթոռ ստանալով, այն կարող է պահպանել մեծամասնությունը: Քանի որ ընդդիմության թեկնածուների մեծ մասին իշխանությունները որակազրկել էին, աթոռների մի զգալի մասը վերցրել են կոմունիստներն ու անկախ թեկնածուները:

Կոմունիստական կուսակցությունը Մոսկվայի խորհրդարանում կունենա 13 աթոռ, ազատական ‘’Յաբլոկո’’ կուսակցությունը եւ ձախակողմյան ‘’Արդար Ռուսաստանը’’ կզբաղեցնեն երեքական աթոռ:

Որպես կառավարող ‘’Միացյալ Ռուսաստան’’ կուսակցությանը հասցված մի մեծ ապտակ, կուսակցության առաջնորդ Անդրեյ Մետելսկին չի վերընտրվել:

Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ էր արել ընտրել ‘’խելացի քվեարկելու’’ միջոցն այն բանից հետո, երբ իշխանություններն իր բոլոր դաշնակիցներին արգելել էին մասնակցել ընտրություններին:

Նավալնիի թիմակիցները հանդես են եկել որպես ‘’ծպտյալ’’ թեկնածուներ: Նավալինին ընտրությունների արդյունքը համարում է ‘’արտառոց’’:

Պետական լրատվամիջոցները Մոսկվայի ընտրությունները շարունակում են ներկայացնել որպես կառավարող կուսակցության հաղթանակ:

Նավալնին հիշեցնում է, որ նախորդ ընտրություններում ‘’Միացյալ Ռուսաստանը’’ վերցրել էր խորհրդարանի 45 տեղերից 40-ը: ‘’Ու եթե նրանք ստանան գեթ մեկ ձայն ավելի պակաս, արդեն կնշանակի պարտության սկիզբ,’’ ասել էր նա ու կանխատեսել կառավարող կուսակցության ավելի մեծ կորուստներ:

Հիշեցնենք, որ արդար ընտրություններ անցկացնելու պահանջով սկսված ցույցերի ժամանակ ձերբակալված ընդդիմության ղեկավարներն ազատ էին արձակվել ընտրություններից անմիջապես առաջ:

XS
SM
MD
LG