Մատչելի հղումներ

Երբ շփոթում են պետականը սեփականի հետ


Շատերն են այսօր քննադատում ԱՄՆ-ի նախագահ Թրամփին ու փոխնախագահ Փենսին այն բանի համար, որ մինչեւ Իռլանդիայի Հանրապետություն մեկնելը փոխնախագահն անցկացրել է Դուբլինից 300 կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային այն կենտրոնում, որը պատկանում է նախագահ Թրամփին: Մասնավոր այս տարածքում Փենսն իրականացրել է պաշտոնական պարտականություններ:
Թրամփն ասել է նույնիսկ, որ պատրաստ է 2020 թվականի Մեծ յոթնյակի գագաթաժողովը հյուրընկալել Մայամիում գտնվող իր սեփական հյուրանոցային համալիրում:

Շատերին կթվա, թե սա պարզապես հյուրասիրություն է: Սակայն փաստն այն է, որ նման կերպով պետական գումարները ծախսվում են հօգուտ նախագահի մասնավոր բիզնեսի: Սակայն ինքը` նախագահը շարունակ գովազդում է, որ իր համալիրն ունի բոլոր հարմարություններն այդ միջոցառումը կազմակերպելու համար:

ԱՄՆ-ի նախագահները սովորաբար խուսափում են բոլոր այն քայլերից, որոնք կարող են առաջ բերել անձնական շահն ի հաշիվ պետականի առաջ տանելու կասկածներ: Վերլուծաբաններն էլ հիշեցնում են, որ այստեղ կան օրենքներ, որոնք արգելում են նախագահին նախագահության տարիներին որեւէ նյութական շահ ստանալ:
Թրամփը, սակայն, ի հակադրություն իր բոլոր նախորդների, մերժել է իր բիզնեսներից հեռու մնալու պահանջը, ինչը քննադատների խոսքերով, դարձել է շահերի բախման պատճառ:

Վերլուծաբաններից Ջերեմի Վենուքը հիշեցնում է, որ արդարադատության նախարար Բիլ Բարրը հանդիպումներն է անցկացնում Թրամփի հյուրանոցում, սենատորները ու կոնգրեսականները, ինչպես նաեւ նահանգապետերը միջոցառումներն են անցկացնում Թրամփին պատկանող համալիրներում: Շատերի կարծիքով, դա Թրամփին սիրաշահելու միջոց է, ասում է վերլուծաբանը:
Թրամփը հերքում է նման մեղադրանքները եւ նույնիսկ բողոքում, թե որքան է ֆինանսապես ինքը տուժել նախագահ դառնալուց հետո:

Ինչեւէ, պետական պաշտոնական միջոցառումները Թրամփի մասնավոր սեփականություն համարվող համալիրներում անցկացնելու հանգամանքը դարձել է նաեւ դատական գործի առարկա:

Սակայն արտասահմանցի պաշտոնատար անձանց իր հյուրանոցներում տեղավորելով, Սահմանադրությունը Թրամփի կողմից ոտնահարելու մասին ներկայացված դատական հայցը, դատարանը մերժեց հուլիս ամսին:

XS
SM
MD
LG