Մատչելի հղումներ

Թալիբանն ահաբեկչություն է իրականցրել Քաբուլում. Կան զոհեր


Հինգշաբթի օրը Թալիբանը իրականացրել է ահաբեկչական գործողություն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենան, որի արդյունքում զոհվել է 10 մարդ:

Ներքին գործերի նախարարության խոսնակ Նասրաթ Ռահիմի վկայությամբ, զոհերի թվում եղել են քաղաքացիական անձինք: Վիրավորների թիվն անցնում է 40-ից:

Պայթյունը հնչել է դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում, որտեղ տեղակայված են նաև ԱՄՆ դեսպանությունն ու Աֆղանստանի մի շարք պետական մարմիններ:

Թալիբան շարժումը ստանձնել է պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ ահաբեկչական գործողությունը թիրախավորում էր օտարերկրացիներին:

Շարժումը պատասխանատու է նաև այս շաբաթ տեղի ունեցած մեկ այլ հարձակման համար, որին զոհ է գնացել 16 մարդ: Վիրավորների թիվն անցել է հարյուրից:

ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադն այս շաբաթ այցելել է Քաբուլ ՝ հանդիպելու Աֆղանստանի ղեկավարության հետ: Հանդիպմանը քննարկվել է ԱՄՆ ու Թալիբանի միջև համաձայնությունը, ըստ որի Վաշինգտոնը պետք է դուրս բերի 5000 զինծառայողներ Աֆղանստանի հինգ տարբեր ռազմակայաններից: Այս պահին այստեղ գտնվող ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 14 հազարի:

Փոխարենը Թալիբանը պարտավորվում է խզել կապերը Ալ Քայիդայի հետ և որևէ ահաբեկչական գործունեություն չծավալել Աֆղանստանում ընդդեմ ԱՄՆ ու նրա դաշնակիցների: Թալիբները նաև պարտավորվում են բանակցություններ սկսել Աֆղանստանի հասարակության բոլոր խմբերի հետ, ներառյալ գործող կառավարությունը:

Աֆղանստանի ղեկավարությունը, սակայն, իր մտահոգությունն է հայտնել այս համաձայնության առիթով՝ ընդգծելով, որ գործընթացը չափից դուրս արագ է ընթանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG