Մատչելի հղումներ

ԱՄՆ-Իրան հարաբերությունները շտկելու հնարավորությունները մեծ չեն


Չնայած Իրանի հետ շարունակվող լարված հարաբերություններին, ԱՄՆ-ի նախագահը դեռեւս կարծում է, որ Թեհրանի հետ բանակցային եղանակով հարցեր լուծելու տարբերակը բացառված չէ։

Չնայած այն հանգամանքին, որ Իրանի նախագահը հայտարարում է, որ իր երկիրը չի պատրաստվում բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ իրանցիներն ուզում են բանակցել։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, ապա դրանք շարունակում են սաստկանալ։

Վաշինգտոնը չորեքշաբթի օրը ներկայացրել է իրանական հավելյալ ընկերությունների, նավերի ու անհատ անձանց անուններով մի ցանկ, որոնց նկատմամբ իրականացվելու են պատժամիջոցներ։ Պատճառն այն է, հայտարարում է Վաշինգտոնը, որ նրանք նավթի վաճառքից ստացված գումարներով ֆինանսավորում են Իրանի Հեղափոխական գվարդիայի ահաբեկչական գործողությունները։

Իրանի ու ԱՄՆ-ի միջե առանց այն էլ լարված հարաբերություններն ավելի սրվեցին անցյալ տարի, երբ Թրամփն իր երկիրը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից ու նորից սկսեց պատժամիջոցներ ընդդեմ այս երկրի՝ նպատակ ունենալով արգելել իրանական նավթի արտահանումները։ Թրամփը հույս ունի, որ այս եղանակով Թեհրանին կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջը։

՝՝Նրանք ֆինանսապես զոհվում են։ Նրանց դրամի արժեզրկման նման արժեզրկում քչերն են տեսել՛՛, ասում է Թրամփը ու շարունակում, որ Իրանի կամեցողության դեպքում, ԱՄՆ-ը այդ խնդիրը կլուծի 24 ժամի ընթացքում։
Սակայն մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Թրամփի վարչակազմը սխալ հաշվարկ է կատարում։

Նրանցից Ջարեթ Բլանքը ենթադրում է, որ նախագահ Թրամփն Իրանի նկատմամբ երկար տարիներ է ունեցել թյուր կարծիք։ ՝՝Նա հրապուրվել էր Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջեւ նմանությամբ, չնայան այն հանգամանքին, որ Հյուսիսի առաջնորդ Կիմի համար միայն Թրամփի հետ հանդիպումն անգամ հաղթանակ էր համարվում, այն դեպքում, երբ Իրանի համար Թրամփի հետ հանդիպումը կդիտարկվեր որպես վտանգավոր քայլ՛՛։ Այնպես որ, ասում է նա, Իրանի հետ հանդիպում անցկացնելու համար Թրամփը սեղանին պիտի դնի այնպիսի իրատեսական բովանդակությամբ փաթեթ, որը կհավասարակշռեր իրանցիների համար վտանգ ու շահ համարվող գործոնները։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից Իրանի նկատմամբ չորեքշաբթի օրվանից ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, փորձագետներն ասում են, որ այդ հանգամանքը տարածաշրջանում կբացի ոչ թե բանակցությունների ուղի, այլ ավելի կփակի արդեն իսկ նեղ արահետը։ Նրանք գովեստով են խոսում տնտեսությունը զարգացնելու նպատակով Իրանին վարկ տրամադրելու Ֆրանսիայի առաջարկի մասին, ցավով խոսում այդ հարցում Թրամփի վարչակազմի հակակրանքի շուրջ։

XS
SM
MD
LG