Մատչելի հղումներ

Իրանի նախագահը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի իր պաշտոնակցի հետ


Իրանի նախագահը մերժում է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ սկսելու գաղափարը։ ՝՝Բանակցություններ անցկացնելու մի շարք առաջարկներ են եղել, սակայն մեր պատասխանը միշտ լինելու է բացասական՛՛, ասել է նախագահ Հասան Ռուհանին։ Բանակցություններ սկսելու միակ հնարավորությունը նա տեսնում է իր երկրի վրայից ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները հանելու հանգամանքի մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն էր ասել, որ ինքը պատրաստ է բանակցել 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրի շուրջ, պայմանագիր, որից նա Միացյալ Նահանգները միակողմանի կերպով դուրս էր բերել անցյալ տարի։

Պայմանագիրը ստորագրած մյուս կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանն այս ընթացքում փորձել են կենդանի պահել համաձայնագիրը։ Սակայն Թրամփի կողմից ուժի մեջ դրված պատժամիջոցների արդյունքում մեծապես կրճատվել են Իրանի նավթի արտահանումները, ինչի արդյունքում նկատելիորեն արժեզրկվել է երկրի արժույթը, սկսվել է ինֆլյացիա։

Այն բանից հետո, երբ Թրամփը հուլիս ամսին ավելի խստացրեց պատժամիջցոներն ընդդեմ իրանական նավթարդյունաբերության, պարտադրելու համար Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, Իրանը չեղյալ հայտարարեց միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններից երկուսը։

Ռուհանին սպառնացել է չեղյալ հայտարարել եւս մեկ պարտավորություն, եթե եվրոպական երկրները մինչեւ հինգշաբթի օրը չիրականացնեն իր երկրի տնտեսությունը պատժամիջոցներից պաշտպանելու իրական քայլեր։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը երկուշաբթի օրն ասել է, թե երրորդ պարտավորությունը, որից Իրանը պատրաստվում է հրաժարվել, ավելի խիստ է, քան նախորդ երկուսը։ Նա սակայն հավելյալ մանրամասնություններ չի հայտնել։

Փորձագետներն ասում են, թե Իրանը կարող է սկսել ուրանը մինեչւ 2Օ տոկոսի հարստացնելու աշխատանքներ, ինչը մեծապես կկրճատի այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է միջուկային զենքի համար վառելանյութ ստանալու համար։

XS
SM
MD
LG