Մատչելի հղումներ

Բրեքզիթը՝ բրիտանական ժողովրդավարության փորձաքար


Մեծ Բրիտանիան պատրաստվում է քաղաքական թեժ շրջանի: Բրիտանացի օրենսդիրները, վերադառնալով արձակուրդից, վերսկսում են ակտիվ քննարկումները Բրեքզիթի շուրջ: Վարչապետ Ջոհնսոնն իր հերթին սպառնում է ժամանակավորապես դադարեցնել խորհրդարանի աշխատանքները, որն առաջացրել է բողոքի լայն ալիք երկրում

Մեծ Բրիտանիայում հազարավոր մարդիկ օրերս դուրս են եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ երկրի խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու կառավարության մտադրության:

Այս շաբաթը վճռական է Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում: Երկրի կառավարությունը մտադրված է հոկտեմբերի 31-ին լքել Եվրամիությունն՝ անկախ համաձայնագրի առկայությունից: Ընդդիմախոսները պնդում են, որ նման քայլը կունենա աղետալի հետևանքներ:

«Բոլոր կուսակցություններից ընտրված օրենսդիրների մի խումբ, ներառյալ բարձրաստիճան պահպանողականները, փորձելու են իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը Համայնքների պալատում, որպեսզի անցկացվի օրինագիծ, որը կբացառի առանց համաձայնագրի Բրեքզիթը»,- ասում է վերլուծաբան Թոնի Թրավերսը Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցից:

Սակայն նրանք առերեսվում են լուրջ մարտահրավերների հետ: Այս կոալիցիան պետք է համախմբի տարբեր քաղաքական ճամբարներից ձախակողմյան, աջակողմյան ու կենտրոնամետ ուժերի:

Վարչապետ Բորիս Ջոհնսոնը հայտարարել է, որ նման քայլը ձեռնտու է միայն ԵՄ-ին:

«Եթե ԵՄ վստահ լինի, որ Բրեքզիթը կարգելափակվի, ապա նրանք չեն կնքի մեզ ձեռնտու որևէ համաձայնություն: Ինձ զայրացնում է, որ խորհրդարանի զարգացումները թուլացնում են Մեծ Բրիտանիայի բանակցային դիրքերը»,- ասում է վարչապետը:

Ջոնսոնը սպառնացել է, որ եթե պահպանողական կուսակցության որևէ մի օրենսդիր քվեարկի հօգուտ Բրեքզիթի արգելափակման, դա կունենա հետևեանքներ:

Մի շարք դատական գործեր են հարուցվել ընդդեմ խորհրդարանի աշխատանքները դադարեցնելու կառավարության մտադրության:

Այս զարգացումների արդյունքում վճռական խոսքը կարող է վերապահվել թագուհուն, ով պաշտոնապես համարվում է երկրի ղեկավարը ու նա պետք է իր համաձայնությունը տա երկրի խորհրդարանի աշխատանքների դադարեցման հարցում:

Բրեքզիթի շուրջ քաղաքական այս պայքարը բրիտանական ժողովրդավարության համար փորձություն է: Երկրի հետագա զարգացման ընթացքը կարող են կանխորոշել հաջորդ մի քանի օրերը։

Facebook Forum

XS
SM
MD
LG