Մատչելի հղումներ

Թրամփը կարող է հանդիպել Իրանի նախագահի հետ


Ֆրանսիական Բիարիցում անցած մեծ յոթնյակի գագաթաժողովին պարզ դարձավ՝ աշխարհի յոթ առավել առաջատար ժողովրդավարությունների ղեկավարների միջեւ հակասություններն ավելի պարզ են ուրվագծվում. Սկսած Չինաստանի հետ տնտեսական պատերազմից եւ վերջացրած Իրանի գործարքով ու Ռուսաստանին յոթնյակ վերադարձնելու հարցով:

Առաջնորդների ժպիտների հետեւում թաքնված են լուրջ հակասություններ՝ ԱՄՆ-ի նախագահը շատ հարցերով միայնակ է: Դոնալդ Թրամփը կարծես մեղմել էր դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ.

«Ես երկմտում եմ ամեն հարցում»:

Սակայն, Սպիտակ տան խոսնակը վերահաստատեց՝ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է էլ ավելի կոշտ գործել:​

Յոթնյակի մյուս առաջնորդներն այդուհանդերձ փորձում են համոզել Դոնալդ Թրամփին մեղմել դիրքորոշումը տնտեսական հարցերում:

«Ինչ վերաբերում է առեւտրային պատերազմներին, մենք առեւտրային խաղաղության կողմնակից ենք», - նշել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

ԱՄՆ-ում 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփը փորձում է աջակցություն ձեռք բերել՝ կոշտ դիրքորոշում ցուցաբերելով:

«Ուզում եմ պարզ լինի՝ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել»:

Իրանի խնդիրը քննարկման առանձին առարկա էր: Իրանական արտգործնախարար Ջավադ Զարիֆի այցը խոսակցությունների տեղիք տվեց, որ ԱՄՆ-ի առաջնորդը կարող է հանդիպել Իրանի իր գործընկերոջ հետ: Խոսակցություններն ավելի ուշ հաստատվեցին հենց Թրամփի կողմից.

«Պատժամիջոցները նրանց վրա սարսափելի են անդրադառնում: Ես դա չեմ ուզում, նրանք հրաշալի մարդիկ են, բայց մենք նաեւ չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենքի տիրապետեն, ուստի, մեծ է մեր հանդիպման հնարավորությունը»:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ անձամբ չի ճանաչում Իրանի նախագահին, սակայն, նրան հետեւելուց եզրակացրել է, որ նա լավ բանակցող է եւ որ հավանաբար հենց Ռուհանին է ցանկանում հանդիպել Թրամփին:

Facebook Forum

XS
SM
MD
LG