Իսրայելը հազվադեպ է ստանձնում պատասխանատվությունը Սիրիայում իրանական թիրախներն օդից ոչնչացնելու համար, չնայած հարյուրավոր նման դեպքերի: Սակայն, այս անգամ Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն բացահայտ կերպով գովաբանել է բանակն ասելով, որ «Իրանը ոչ մի տեղ անձեռնմխելի չէ»:
Իսրայելական կողմի հաղորդմամբ, իրանական զինվորականների մի խումբ վերջերս Սիրիա էր ժամանել՝ Իսրայելի դեմ պայթուցիկ նյութերով զինված մահացու դրոնների հարձակում կազմակերպելու նպատակով:
Մարդու իրավունքների սիրիական դիտակետ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ Հեզբոլայի երկու ներկայացուցիչ: Իրանական հեղափոխության պահապանների գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային այնուամենայնիվ Ռոյթերսին հայտարարել է, որ Իսրայելը նման գործողություններ ի վիճակի չէ իրականացնել:
Անվտանգության հարցերով Իսրայելի կառավարության նախկին խորհրդական Յակով Ամիդրորն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ իսրաելական կողմն անհանգստացած է Սիրիայում իրանական ազդեցության աճով: Փորձագետի խոսքով, Իրանի նպատակն է Սիրիայում ստեղծել իրանապետ ինքնուրույն բանակ, որը կպայքարեր Իսրայելի դեմ՝ Լիբանանի օրինակով, որտեղ Իրանը ստեղծել է Հեզբոլան:
Facebook Forum