Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի հրեաների քվերակությունը դեմոկրատների օգտին կնշանակի, որ նրանք կամ տեղեկացված չեն կամ էլ անհավատարիմ են: Քենթակի նահանգում իր ելույթի ընթացքում Թրամփը հայտնել է, որ դեմոկրատները ցանկանում են վնասել Իսրայելին:
Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը, ով ազգությամբ հրեա է, դատապարտել է նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ այն հակասեմիթականություն է խրախուսում երկրում և աշխարհում:
Իր հերթին միակ ազգությամբ հրեա, նախագահի թեկնածու սենատոր Բերնի Սանդերսը ևս արձագանքել է նախագահի հայտարարությանը՝ նշելով, որ լինելով ազգությամբ հրեա՝ նա պատրաստվում է քվեարկել դեմոկրատ հրեա թեկնածուի օգտին:
Նախագահի հայտարարությունը տարբեր արձագանքների է արժանացել Իսրայելում:
«Նա ճիշտ է հարյուր տոկոսով: Դեմոկրատները հավատարիմ չեն: Նրանք միշտ դեմ են եղել մեր ժողովրդին և երկրին: Նրանցից են Քլինտոնն ու Օբաման: Ի՞նչ է արել Օբաման: Միայն խնդիրներ ստեղծել: Թրամփը ճիշտ է»,- ասում է խանութի սեփականատեր Յոսսին:
Սակայն վերլուծաբան Շմուել Ռոսները այլ կարծիքի է:
«Պատմությունից գիտենք, որ հրեաների համար հավատարմության հետ կապված հարցերը երբեք լավ վերջաբան չեն ունեցել հրեա ժողովրդի համար: Այն միշտ օգտագործվել է մեր թշնամիների կողմից հրեա ժողովրդի դեմ: Նախագահի նման հայտարարությունները ստեղծում են անառողջ ու անապահով մթնոլորտ հրեաների համար»,- ասում է նա:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ հրեաների շուրջ 75 տոկոսը դեմոկրատներ են: Թրամփի այս հայտարարությունը փորձ է փոխելու իրավիճակը: Անկախ քաղաքական հայացքներից, սակայն, հրեաներից շատերը կարծում են, որ նման հարցադրումը սպառնալիք է իրենց անվտանգությանը, հատկապես սպիտակ ռասայի գերակայության և նեոնացիզմի գաղափարախոսության վերելքի պարագայում:
Facebook Forum