Մատչելի հղումներ

Թրամփը չեղարկել է այցը Դանիա, երբ Դանիայի վարչապետը հրաժարվել է քննարկել Գրենլանդիայի վաճառքը


Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիքսոնը չորեքշաբթի ասել է, որ նա զարմացած է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն չեղարկել է այցը Դանիա այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարվել է վաճառել Գրենլանդիան ԱՄՆ-ին:  

«Դա հնարավորություն էր տոնելու Դանիայի ու ԱՄՆ սերտ հարաբերությունները: ԱՄՆ Դանիայի մերձավոր դաշնակիցն է: Մենք ծրագրում էինք քննարկել ԱՄՆ հետ բազմաթիվ երկկողմ հետաքրքրության հարցեր»,-նշել է վարչապետը:

Նախագահ Թրամփը չեղարկել է իր սեպտեմբերյան այցը՝ թվիթերյան գրառման մեջ նշելով, որ Դանիան առանձնահատուկ երկիր է, որն ունի հիանալի ժողովուրդ, սակայն նա հետաձգում է իր այցը, քանի որ վարչապետ Ֆրեդերիքսոնը հայտարարել է, որ մտադրված չէ քննարկել Գրենլանդիայի վաճառքի հարցը:

Ֆրեդերիքսոնը իր հերթին ընդգծել է, որ Գրենլանդիայի վաճառքի մերժումը չի փոխի երկու երկրների միջև լավ հարաբերությունների բնույթը:

Հիշեցնենք, որ վերջերս Թրամփը ցանկություն էր հայտնել գնել Գրենլանդիան, սակայն Դանիան և Գրենլանդիան միանգամից արձագանքել էին, որ այն վաճառքի ենթակա չէ: Գրենլանդիան հայտարարել է, որ այն պատկանում է ոչ թե Դանիային, այլ հենց Գրենլանդիային: Հուսամ որ սա ընդհամենը կատակ է։

Դանիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ որպես բարեկամ երկիր, սակայն երկրներ ու բնակչություններ գնելու կամ վաճառելու ժամանակները անցել են պատմություն:

Հիշեցնենք, որ Թրամփը հրավեր էր ստացել պետական այցով այցելել Դանիա, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը տեղեկացրել է այցի չեղարկման մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG