Մատչելի հղումներ

Բնության ու արդյունաբերության միջեւ պայքարն ունի նաեւ քաղաքական հենք


Այսօր ի սպառ վերանալու վտանգի առջեւ են կանգնած կենդանական աշխարհի շատ տեսակներ: Պատճառը ‘’Վտանգի տակ հայտնված տեսակների մասին’’ որոշման ուժը թուլացնելու նախագահ Թրամփի հրահանգն է, որով հանքարդյունաբերության, նավթի ու գազի արդյունահանման առջեւ դրված սահմանափակումները մեղմվում են, չնայած այն հանգամանքին, որ 29 նահանգներ ու քաղաքներ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Թրամփի այս որոշման:

Դատարանում բողոքող կողմը փորձելու է պաշտպանել ‘’Մաքուր էներգիայի մասին’’ ակտը: Այս ակտը ներկայացվել էր Օբամայի կողմից 2015 թվականին, որով դաշնային կառավարությունը սահմանափակում է էլեկտրակայաններից ածխաթթու գազի արտանետումների ծավալները: Օբաման խոստանում էր, որ մինչեւ 2030 թվականը ԱՄՆ-ից արտանետումների ծավալները պիտի կրճատվեին 32 տոկոսով:

Սակայն Դոնալդ Թրամփը հունիս ամսին այս որոշումը փոխարինեց ‘’Ընդունելի մաքուր էներգիայի ծրագիր’’ անվանումը կրող որոշումով, որը թույլ է տալիս նահանգներին ինքնուրույն կերպով կայացնել արտանետումների ծավալների մասին որոշում, թույլ տալու համար ածխարդյունաբերության զարգացումը: Վերընտրվելու նպատակ ունեցող Թրամփը հայտարարում է, որ բնապահպան գործողությունները վնասում են տնտեսությանը:
Նրա խոսքերով, դեմոկրատների կողմից հանածո վառելանյութի վրա դրված սահմանափակումների արդյունքում Ամերիկան կորցրել է միլիոնավոր աշխատատեղեր, կորուստներ են կրել բազում համայնքներ, սնանկացել են մեծ թվով գործարաններ, ընտանքներ ու տարեց անձինք:
Սակայն ամերիկացիների 62 տոկոսը դեմ է Թրամփի այս քաղաքականությանը եւ նախընտրում է բնության պահպանությունը եւ մեղադրում Թրամփին համաշխարհային ջերմացմանը նպաստելու մեջ:

Խնդիրն այն է, որ մի շարք նահանգներ մեծապես կախված են ածխի արդյունաբերությունից, որոնցից են Արեւմտյան Վիրջինիան ու Վայոմինգը: Այդ պատճառով են նրանք աջակցում ածխի ու բնության միջեւ պայքարում Թրամփի քաղաքականությունը: Այդ պատճառով է, որ այստեղ անհամեմատ մեծ է նրանց թիվը, ովքեր պատրաստ են քվեարկել հօգուտ Թրամփի:

XS
SM
MD
LG