Մատչելի հղումներ

Իսրայելում ԱՄՆ-ի կոնգրեսականների մուտքն արգելելու որոշման մանրամասները


ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, թե ինքը չի հորդորել կամ խորհուրդ տվել Իսրայեին արգելել ամերիկացի դեմոկրատ երկու կոնգրեսականներ Իլհան Օմարի եւ Ռաշիդա Թլաիբի մուտքն Իսրայել:

‘’Նշված կոնգրեսականներն այնքան հակաիսրայելյան ու հակահրեական տրամադրություններ ունեն, որ եթե այլոք հանդես գային նրանց հայտարարությունների նման հայտարարություններով, վճարելու գինը շատ բարձր կլիներ’’, ասել է Թրամփը ու հաստատել, որ ինքը խոսել է Իսրայելի պաշտոնատար անձանց հետ, սակայն չի ասել, թե ում:
Սակայն թվիթերյան իր էջում կատարած Թրամփի գրառումն արդեն իսկ հորդորի բնույթ է կրում: Նա գրել է. ‘’Մեծ թուլության նշան կլիներ, եթե Իսրայելը թույլ տար Օմարին ու Թլաիբին այց կատարել այստեղ: Նրանք ատում են Իսրայելն ու հրեա ժողովրդին եւ ոչինչ հնարավոր չէ անել նրանց մոտեցումները փոխելու ուղղությամբ’’:

Ասենք, որ Օմարն ու Թլաիբը, որոնք մտադիր էին այցելել Իսրայել եւ Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող պաղեստինյան տարածքներ, բացահայտ կերպով են քննադատում Իսրայելին` պաղեստինցիների նկատմամբ իրագործվող քաղաքականության համար:

Ինչ վերաբերում է Օմարի հայրենի Մինեսոթա նահանգի հրեական համայնքի ղեկավարներին, ապա նրանք քննադատել են Իսրայելի իշխանություններին, կոնգրեսականների այցը թույլ չտալու որոշման համար: Երկու այս կոնգրեսականները հարում են ‘’Բոյկոտ, արգելանք եւ պատժամիջոցներ’’ անվանումը կրող կազմակերպությանը, որն ունի Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների քաղաքակնություն իրականացնելու նպատակ` պահանջելով դադարեցնել պաղեստինյան տարածքների բռնազավթումը:

Միենեապոլիսքի քաղաքգլուխ Ջեյքոբ Ֆրեյն ասում է, թե Օմարը պիտի ստանար Իսրայել այցելելու իրավունք, որպեսզի փաստերին ծանոթանար իր աչքերով: ‘’Այնպես որ, նրանց արգելելու մասին որոշումը սխալ քայլ է եղել’’, ասում է նա:

Օմարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Իսրայելի կառավարության կողմից մուտքի արտոնագիր չտալու մասին որոշումն իրեն հետ է պահում որպես ԱՄՆ-ի կոնգրեսական իրականացնելու իր պարտականությունները, այն է` ուսումնասիրել ԱՄՆ-ի կողմից հատկացվող դրամական հատկացումները եւ աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թվիթերյան էջում ներկայացված է պատասխան հետեւյալ բացատրությունը, որ ‘’երկու կոնգրեսականները որպես այցելության վայր են նշել Պաղեստինը, այլ ոչ թե Իսրայելը, եւ չեն խնդրել հանդիպումներ ո՛չ Իսրայելի պաշտոնատար անձանց, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG