Մատչելի հղումներ

՝՝Ռուսաստանն ու Չինաստանը պետք է լավ մտածեն Վենեսուելայի հարցում՛՛. Ջոն Բոլթոն


՝՝Ռուսաստանում տեղի ունեցած միջուկային վերջին վթարը մեկ անգամ եւս ապացուցում է, որ չնայած իր տնտեսության համեմատաբար փոքր չափսերին, Մոսկվան շարունակում է բավականին մեծ գումարներ ծախսել միջուկային իր կարողությունները հզորացնելու ուղղությամբ եւ ստեղծում զինատեսակներ, որոնց մեծ մասի տեխնոլոգիական հատվածը հափշտակված է ԱՄՆ-ից՛՛։ Այս մասին է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում ասում ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ ՝՝Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ երկրներ նույնպես կարող են ձեռք բերել նմանատիպ տեխնոլոգիական միջոցներ, կարելի է ասել, որ այս փաստը իրական խնդիր է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար՛՛, ասում է Բոլթոնը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հարաբերությունները Բոլթոնը համարում է ՝՝լավ անձնական հարաբերություններ՛՛, ինչը, նրա խոսքերով, օգնել է ծավալել լուրջ երկխոսություն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Բոլթոնի խոսքերով, այս հարաբերություններն են օգնել Միջին հեռահարության միջուկային զենքերը կրճատելու պայմանագրից դուրս գալու հարցի շուրջ բանակցությունների անցկացմանը։ ՝՝Հաճախ են համընկնում մեր ռազմավարական շահերը՛՛, ասում է նա ու այստեղ շեշտում Չինաստանի աճող ռազմական կարողությունները։

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի վարչակարգը Բոլթոնը չի համարում կայուն՝ այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին համեմատելով շշի մեջ հայտնված կարիճների հետ։ ՝՝Նրանք չեն վստահում միմյանց եւ կապեր են որոնում ընդդիմության հետ՛՛, ասում է Ջոն Բոլթոնն ու ավելացնում, թե ինքը չի զարմանա, որ մոտ ապագայում իշխանությունն անցնի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին ու Ազգային ժողովին։ ՝՝Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ամեն պահի՛՛, ասում է նա։

Չնայած նախագահ Թրամփն ասել է, թե չի բացառում խնդրի լուծման որեւէ ձեւ, Բոլթոնն ասում է, թե Վաշինգտոնը կցանկանար, որ այստեղ խնդիրը լուծվեր առանց ռազմական ուժ կիրառելու։ ՝՝Սակայն մենք թույլ չենք տա, որ Մադուրոն այստեղ ստեղծի ավելի մեծ քաոս, քան այն, ինչի մեջ այժմ հայտնվել է Վենեսուելան՛՛, ընդգծում է նա։

Պատասխանելով Վենեսուելայի խնդրի շուրջ Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի կապերի մասին հարցին՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասում է, թե ԱՄՆ-ը այս հարցում լավ կապեր ունի թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Չինաստանի հետ։ ՝՝Ես կարծում եմ, որ ե՛ւ Ռուսաստանը ե՛ւ Չինաստանը պետք է լավ հավասարակշռեն իրենց հետագա քայլերը։ Վենեսուելան միլիարդավոր դոլարների պարտքեր ունի այս երկու երկրներին։ Ու երբ ընդդիմությունը գա իշխանության, կարող է ասել, որ պայմանագրերը կնքվել են անօրինական եղանակով եւ կարող է հրաժարվել պարտքը մուծելու պարտավորությունից՛՛։ Նրա խոսքերով, եթե Ռուսաստանն ու Չինաստանն ուզում են օգտվել Վենեսուելայի նավթի պաշարներից, պետք է մտածեն ավելի երկարաժամկետի առումով։ ՝՝Հարկավոր է շատ մեծ ուշադրությամբ փորձել հասկանալ, թե նոր ժողովրդավարական կառավարությունը ինչ կարող է մտածել նրանց մասին, ովքեր աջակցում էին Մադուրոյին՛՛, ասում է Բոլթոնն ու եզրափակում. ՝՝Հարկավոր է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվեն Մադուրոյին աջակցելուց եւ թույլ տան, որ այստեղ հաստատվի նոր կառավարություն մոտ ապագայում՛՛։

XS
SM
MD
LG