Մատչելի հղումներ

Իրանական նավթակիրն ազատ արձակելու շուրջ լուրերը հակասում են միմյանց


Մեծ Բրիտանիային պատկանող Ջիբրալթարի մոտ անցյալ ամիս առգրավված նավի շուրջ հակասական տեղեկությունները սրել են լարվածությունը Թեհրանի ու Լոնդոնի միջեւ։ Իրանի նավագնացության գործակալության փոխտնօրեն Ջալիլ Էսլամին ասել է, թե նավթակիր նավը շուտով ազատ կարձակվի Ջիբրալթարի իշխանությունների կողմից։
Սակայն ինչպես արեւմտյան մամուլն է հաղորդում, Ջիբրալթարի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե նավն ազատ արձակելու մտադրության մասին իրանական մամուլում տարածված լուրերը ՝՝ճիշտ չեն՛՛։

Չնայած ՝՝Գրես 1՛՛ նավն առգրավվել էր բրիտանական ուժերի կողմից, այս երկրի իշխանությունները հայտարարում են, թե նավի հարցով հետաքննություն անցկացնելու խնդիրը Ջիբրալթարինն է։ Իսկ այս տարածքի գերագույն դատարանը լսումները սկսելու է հինգշաբթի օրը։

Մեծ Բրիտանիան պնդում է, որ նավը խախտել է եվրոպական պատժամիջոցներով նախատեսված պայմանները ու փորձել է նավթ առաքել դեպի Սիրիա։ Մեղադրանք, ինչը Թեհրանը հերքում է։
Հիշեցնենք, որ ի պատասխան Լոնդոնի այս քայլի, Իրանն էր բրիտանական դրոշի ներքո նավարկող ՝՝Ստենո Իմպերո՛՛ նավթակիրն առգրավել Հորմուզի նեղուցում հուլիսի 19-ին։

Պարսից ծոցում իրադրությունը սկսեց սրվել, երբ Միացյալ Նահանգները որոշեց միակողմանիորեն դուրս գալ Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրից, որով Իրանը պարտավորվում էր զսպել միջուկային իր գործունեությունը՝ փոխարենը ստանալով միջազգային պատժամիջոցներից ազատվելու հնարավորություն։

Այս ընթացքում Մեծ Բրիտանիան ու գործարքը կնքած նրա եվրոպական դաշնակիցները փորձում էին փրկել պայմանագիրը՝ Իրանի տնտեսությունը ամերիկյան ավելի խիստ պատժամիջոցներից պաշտպանելու եղանակով։

XS
SM
MD
LG