Մատչելի հղումներ

Թրամփը՝ Չինաստանի, Հոնկոնգի ու առեւտրի մասին


Հոնկոնգի օդանավակայանում բողոքի ցույցերը երեքշաբթի օրը վերածվեցին բռնի գործողությունների, երբ բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանության միջեւ։ ԱՄՆ-ի նախագահը բավարարվեց՝ միայն հայտարարելով, ՝՝Հուսով եմ, ամեն ինչ կավարտվի բոլորի համար ընդունելու լուծումով, այդ թվում՝ Չինաստանի համար ընդունելի եղանակով՛՛։
Նույն օրն ավելի վաղ, տեղեկանալով, որ Պեկինը զորքեր է կուտակել Հոնկոնգի հետ սահմանին, կոչ էր արել ՝՝մնալ խաղաղ ու ապահով՛՛։ Սակայն նա իրեն նորից հեռու էր պահել Չինաստանի ու Հոնկոնգի միջեւ վիճահարույց հարցի շուրջ իր տեսակետն արտահայտելուց։ Հիշեցնենք, որ խնդիրը կապված է այն օրինագծի հետ, որն ընդունվելու դեպքում Հոնկոնգի իշխանություններին թույլ կտա Պեկինին հանձնել կասկածյալ անձանց։ Այս օրինագծի քննադատներն ասում են, թե այդ դեպքում Չինաստանը կստանա այլախոհներին ձերբակալելու հնարավորություն եւ Հոնկոնգի ժողովրդավարական համակարգը վտանգի տակ դնելու միջոցներ։ Հիշեցնենք, որ Հոնկոնգում հունիս ամսից են շարունակվում բողոքի ակցիաները։

Ինչ վերաբերում է առեւտրին ու տնտեսությանը, այստեղ Թրամփն ունի Չինաստանին քննադատելու ցանկություն։ ՝՝Չինաստանը տարիներ շարունակ կողոպտել է մեր երկիրը մեր փողերով ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Այնուհետեւ նրանք առավելություն են ստացել կազմակերպությունում՛՛, ասել է Թրամփը։
Թրամփն իր ելույթում նաեւ մեղադրել է Չինաստանին իր արժույթը շահարկելու մեջ։
Վերլուծաբաններից Քրիստոֆեր Դեմբիքի խոսքերով սակայն, Չինաստանն իր արժույթը չի շահարկել։ ՝՝Ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամն է նշում իր վերջին մի զեկույցում, չինական յուանի փոխարժեքը համապատասխանում է երկրի տնտեսությանը։ Այնպես որ, Թրամփը ճիշտ չէ, երբ ասում է, թե Չինաստանը մտածված կերպով է արժեզրկում յուանը՝ իր մրցունակությունը պահպանելու համար՛՛, ասում է տնտեսագետը։

Ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է շահել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա բարձր սակագներ սահմանելով։ Սակայն նա հայտարարել է նաեւ մինչեւ դեկտեմբերի կեսը հավելյալ սակագները հետաձգելու մասին՝ ամերիկացի սպառողներին պաշտպանելու համար։

XS
SM
MD
LG