Մատչելի հղումներ

Հրազենային երկու հարձակումները շարունակում են մնալ քաղաքական պայքարի կիզակետում


Այս օրերին շարունակվում են Օհայոյում ու Թեքսասում զանգվածային հարձակումների ենթարկված զոհերի հուղարկավորության արարողությունները: Իսկ նախագահի դեմոկրատ թեկնածուները քաղաքական հարձակումներ են գործում ընդդեմ հանրապետական նախագահ Թրամփի:

Ինչպես սենատոր Քամալա Հարրիսն է ասում, նկատի ունենալով Թրամփին, ‘’Այս մարդը, վերցնելով նախագահի խոսքի իրավունքը, այդ խոսքն օգտագործում է մեզ բոլորիս մասնատելու նպատակով’’:

Իրականացված հարձակումները Թրամփը դատապարտել է, սակայն դեմոկրատները պնդում են, որ անօրինական ներգաղթյալների մասին Թրամփի հռետորաբանությունն է հաճախ ոգեշնչում ատելություն:

Թրամփը հայտարարում է, թե չի ուզում, որ մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարողանան ձեռք բերել հրազեն:
Ինչպես հանրապետական սենատոր Միթչ Մաքքոնելն է ասում, դեմոկրատների մեկնաբանությունները տեղին չեն ու չեն օգնել շտկել իրադրությունը:
Նրա խոսքերով, դեմոկրատներն այս հարցի միջոցով պարզապես մտել են քաղաքական շահարկումների մեջ, իրական քայլեր կատարելու միջոցներ որոնելու փոխարեն:

‘’Հրազենային նման հարձակումները պետք է որակել որպես սպիտակամորթ ազգայնամոլների կողմից իրականացված ներքին ահաբեկչություն’’: Այս կարծիքին է նախագահի դեմոկրատ թեկնածուներից Քորի Բուքերը:
‘’Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ Սպիտակ տունը այն կառույցը չէ այսօր, որը պիտի իրականացներ քայլեր ու ներդներ ուժ ու եռանդ այս խնդիրը լուծելու համար, այլ մեկն է, որն ավելի մեծ ներդրում է կատարում երկրում մասնատում առաջ բերելու համար’’, ասում է նա:

Այնպես որ, հանրապետականները շարունակում են որոնել զենք կրելու իրավունքը պաշտպանելու ուղիներ, դեմոկրատները` ներկա ժամանակահատվածն ընդունում որպես հանրապետական նախագահի վարկանիշն իջեցնելու հարմար պահ:

Ինչ վերաբերում է Հրազենի ազգային ընկերակցությանը, ապա զենք կրելու իրավունքի պաշտպան այս հաստատությունը պնդում է նույնիսկ, որ զենք վաճառելիս մարդկանց տվյալները ստուգելու հանգամանքը չի կարող նվազեցնել զինված հանցագործությունների թիվը: Իսկ զենքի կիրառմամբ ԱՄՆ-ում ամեն օր միջին հաշվով 100 մարդ են սպանում:

XS
SM
MD
LG