Մատչելի հղումներ

Ճանաչվել է երիտասարդ կնոջը Մոսկվայում հարվածած ոստիկանի ինքնությունը


Երիտասարդ մի կնոջ ստամոքսին ռուս ոստիկանի կողմից հասցված հարվածը ցուցադրող տեսագրությունն էլ ավելի է խորացրել զայրույթը Ռուսաստանում, որտեղ մարդիկ բողոքում են, որ իշխանությունները կիրառում են անհամաչափ ուժ ընդդեմ ցուցարարների:

Օգոստոսի 10-ին սաղավարտավոր ոստիկանների կողմից հասցված հարվածի պահը ցուցադրող տեսագրությունն ինտերնետում դիտել են միլիոնավոր մարդիկ: Քսանվեցամյա Դարիա Սոսնովսկայան, ում ոստիկանները հարվածել են, Մոսկվայում շաբաթ օրը ձերբակալված 200 ցուցարարներից մեկն է: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն այստեղ անցկացվում են տեղական ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչների անուններն ընդգրկելու պահանջով:

Ցույցերին այդ օրը մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ, ինչը նախագահ Պուտինի վարչակազմի դեմ անցած ութ տարիների ընթացքում անցկացված բողոքի ամենամարդաշատ ցույցն էր:

Ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին տեսագրությունը համացանցում տարածել են հանրահայտ երգիչներ Եգոր Կրիդը եւ Սերգեյ Լազարեւը: Կրիդը տեղեկացրել է, որ ինքը բողոք է ներկայացրել ոստիկանություն ու պահանջել է գտնել ու պատժել այս միջադեպին մասնակցած ոստիկաններին:

Երկրի իշխանությունները հերքում են անհամաչափ ուժ կիրառելու մասին մեղադրանքները, երբ ցույցերն այստեղ շարունակվում են արդեն հինգ շաբաթ:

Մոսկվայի ոստիկանությունը հրաժարվում է հանդես գալ կատարվածի մասին մեկնաբանությամբ:

Սոսնովսկայան ավելի ուշ տեղեկացրել է, որ իրեն ձերբակալել էին, երբ բողոքել էր ոստիկաններին հաշմանդամություն ունեցող մի ցուցարարի ձերբակալելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան փաստաբաններից Պավել Չիկովը խոստացել է 100 հազար ռուբլի պարգեւատրում նրան, ով կճանաչի ու տեղեկություն կտա երիտասարդ կնոջը հարվածած դիմակավոր ոստիկանի մասին:

Ռուսական առցանց կայքերից մեկն ավելի ուշ տեղեկացրել է, որ ճանաչել է տվյալ ոստիկանի ինքնությունը ու հրապարակել նրա անունն ու նկարը, սակայն հրաժարվել է ընդունել Չիկովի պարգեւավճարը:

XS
SM
MD
LG