ԱՄՆ-ի երկու քաղաքներում մի քանի ժամվա տարբերությամբ իրականացված երկու սպանդը նախագահական դեմոկրատ թեկնածուներն օգտագործում են ընդդեմ Թրամփի: Նրանցից նախկին փոխնախագահ Ջո Բայդընի խոսքերով, Թրամփն ավելի շատ մտածում է իր աջակիցների թիվը մեծացնելու, քան ատելություն սերմանող գաղափարախոսությունից հրաժարվելու մասին:
Ներկայումս իր վարկանիշով առաջին տեղում գտնվող Բայդընի մրցակիցները նույնպես պահն օգտագործում են դատապարտելու համար նախագահին: Սենատոր Բերնի Սանդերս օրինակ ասում է, թե ‘’Թրամփը ռասիստ է, որի կողմից ներգաղթի շուրջ արվող հռետորաբանական հայտարարությունները ստեղծում են բռնություններ ծնող միջավայր ու մթնոլորտ’’:
Դեմոկրատ թեկնածուներն իրագործված երկու սպանդը հիմք են համարում նորից զենքի վերահսկման հարցը վեր հանելու համար: Ինչպես սենատոր Քորի Բուքերն է ասում, ‘’հարկավոր է դիմել քայլերի, որպեսզի զենքից հետ պահենք նրանց, ովքեր չպիտի ունենան զենք’’:
Ինչպես վերլուծաբան Դարել Ուեսթն է ասում, Թրամփի մասնատող մեկնաբանություններն այսօր հետ են վերադառնում ընդդեմ իրեն:
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նա մեղադրում է իր ընդդիմախոսներին քաղաքական նպատակներով միավորներ հավաքելու փորձերի մեջ, ու հայտարարում, թե բոլորն էլ ըստ հարցումների ունեն ցածր վարկանիշ:
Իսկ վարկանիշի մասին նոր տեղեկություններ կստանանք, երբ հաջորդ կարեւոր քննությունը հանձնելու նպատակով սեպտեմբերի կեսերին Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում դեմոկրատ թեկնածուները կհանդիպեն երրորդ բանավեճին մասնակցելու համար: