Մատչելի հղումներ

Ինչ ազդեցություն կունենան վերջին երկու հարձակումները նախագահական ընտրությունների վրա


Էլ Փասոյում սպիտակամորթ զինյալի հրազենային հարձակումն ուղղված էր ընդդեմ ներգաղթյալների: Եվ զարմանալի չէ, որ հարձակումից հետո դեմոկրատ կոնգրեսականները նորից նախագահ Թրամփին են մեղադրում ռասայական լարվածություն սերմանելու մեջ:

Հիշենք 2016 թվականը, երբ որպես նախագահական թեկնածու, Թրամփը մեքսիկացի ներգաղթյալներին անվանում էր “բռնաբարողներ ու հանցագործներ”: Արդեն նախագահի պաշտոնում Թրամփը ջանում է իրեն հետ պահել սպիտակամորթ ազգայնամոլներին դատապարտելուց: Քաղաքական վերլուծաբան Ալեքս Քոնանթի խոսքերով, Թրամփը գիտի, որ իր աջակիցներն իրեն ուզում են տեսնել այդ ոճի պայքարի մեջ:


Վերջերս էր, որ նախագահը հարձակումներ գործեց ընդդեմ փոքրամասնությունները ներկայացնող կոնգրեսական Էլիջահ Քամինգզի`վերջինիս ընտրատարածքն անվանելով ‘’գարշելի, առնետներով ու այլ կրծող կենդանիներով լի տարածք’’:

Փոքրամասնությունները ներկայացնող դեմոկրատ կին մի քանի կոնգրեսականների էլ նա կոչ արեց ‘’հետ վերադառնալ կործանված ու հանցագործունների մեջ թաթախված իրենց երկրները’’:

Նրա քննադատներն ասում են, թե Թրամփը հրապարակային նմանատիպ ելույթներով մամուլին փորձում է հետ պահել իր տված խոստումները կատարելու անկարողության մասին պատմելուց: Հիշենք, որ տրված խոստումներից մեկը դեղամիջոցների գներն իջեցնելն էր: Իսկ դեմոկրատ այն թեկնածուներին, որոնք առաջարկում են մեծ փոփոխություններ առողջապահական համակարգում, Թրամփն անվանում է արմատական սոցիալիստներ, որոնք, ասում է նա, կկործանեն երկրի տնտեսությունը:

Վերլուծաբան Ջոն Հալփինի խոսքերով, Թրամփը փորձում է մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրությունները դեմոկրատ թեկնածուներին ներկայացնել որպես ծաղրանկարներ մի կողմից եւ իրեն որպես հզոր նախագահ` մյուս կողմից:
Թրամփի անսասան աջակիցներն ուզում են տեսնել ներգաղթը դադարեցնելուն ուղղված ուժեղ քաղաքականություն: Սակայն կա կարծիք նաեւ, որ ռասայական խտրականության վրա հենված նրա հռետորաբանությունը կարող է աստիճանաբար իրենից վանել հանրապետական չափավորականներին:
Ալեքս Քոնանթի խոսքերով, կան մեծաթիվ աջակիցներ, որոնք, եթե գոհ են նախագահի քաղաքականությունից, մեծապես դժգոհ են նրա առցանց մեկնաբանություններից:

2020 թվականի նախագահական ընտրությունները ցույց կտան, թե որքան է մեծ Թրամփի ռասայական հենք ունեցող ճառասացության դերը, եւ թե ինչ ուժ կարող են դեմոկրատները հանել ընդդեմ այդ դերի:

XS
SM
MD
LG