Մատչելի հղումներ

Մոսկվան մեղադրում է ԱՄՆ-ին՝ ՝՝միջազգային անվտանգության համակարգը՛՛ մեծապես վնասելու մեջ


՝՝Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցրել միջազգային անվտանգության համակարգին՝ Միջին հեռահարության միջուկային զենքերը կրճատելու մասին պայմանագրից հրաժարվելով՛՛։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նշված պայմանագրից Միացյալ Նահանգները դուրս եկավ անցած ուրբաթ օրը՝ պարզելուց հետո, որ Մոսկվան ոտնահարում էր պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Մեղադրանք, որը Կրեմլը կտրականապես հերքում է։

Ռյաբկովն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է իրականացնել ՝՝լուրջ քայլեր՛՛ ինքն իրեն պաշտպանելու համար, եւ ավելացրել, որ Մոսկվան սակայն հրթիռներ չի տեղակայի արտասահմանյան երկրներում, քանի դեռ ամերիկյան նմանատիպ զենքեր չեն հայտնվել որոշակի տարածաշրջաններում։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսփերն անցած շաբաթ օրն էր ասել, թե պաշտպանում է ասիական որոշ երկրներում ցամաքից արձակվող միջին հեռահարության հրթիռներ մոտ ապագայում տեղակայելու մտադրությունը։

Նա չի ասել, թե հատկապես որ երկրներում է Միացյալ Նահանգները ծրագրում իրականացնել նման տեղակայումներ։ Սպասվում է, որ նա հավելյալ մանրամասնություններ այդ մասին կներկայացնի ասիական երկրներ կատարելիք այցի ընթացքում։

XS
SM
MD
LG