Մատչելի հղումներ

Իրանը հայտարարում է, թե առգրավված նավն անօրինական կերպով տեղափոխելիս է եղել իր նավթը


Իրանը հայտարարում է, թե Հորմուզի նեղուցում իր կողմից անցյալ շաբաթ առգրավված նավը տեղափոխելիս է եղել անօրինական կերպով Իրանից դուրսբերված նավթ, որը մինչ այդ այս նավի մեջ է փոխադրվել այլ նավերից։ 7ՕՕ հազար լիտր նավթ տեղափոխող այս նավի առգրավումը Իրանի Հեղափոխական պահակազորի կողմից անցնող մեկ ամսվա ընթացքում կանգնեցված երրորդ նավն է։ Ըստ պահակազորի, նավն ուղղություն էր վերցրել դեպի Պարսից ծոցի երկրներ։

Թեհրանը մտահոգված է իր գլխավոր այս ապրանքատեսակի անօրինական առեւտրով, երբ ԱՄՆ-ի կողմից հաստատված տնտեսական պատժամիջոցներով փորձ է արվում դադարեցնել այստեղից նավթի արտահանումները դեպի միջազգային շուկա։
Հիշեցնենք, որ Իրանը հուլիսի 18-ին առգրավել էր իրանական նավթի անօրինական փոխադրում իրականացող եւ Պանամայի դրոշի ներքո նավարկող մի նավ։ Դրանից մեկ օր հետո Հորմուզի նեղուցում կանգնեցրել էր բրիտանական մի նավ՝ հավանաբար ի պատասխան Ջիբրալթարում իր նավթակիր նավերից մեկը կանգնեցնելու Մեծ Բրիտանիայի քայլի։

Աշխարհի նավթի ամբողջ առաքումների մեկ հինգերորդն իրականացվում է Հորմուզի նեղուցով, որտեղ առաջ եկած լարվածությունը խորացել է Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո, որի նպատակն, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Իրանի միջուկային ծրագիրը զսպելն է։

XS
SM
MD
LG