Մատչելի հղումներ

Կոնգրեսական՝ ԱՄՆ-ը պետք է ակտիվորեն ներգրավվի ղարաբաղյան հակամարտության տարածքում խաղաղություն ապահովման գործում


«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուի հետ, ով վերջերս օրենսդրական փոփոխություններ էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման ուղղությամբ:

- Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Առաջին հերթին, թույլ տվեք շնորհավորել ձեր առաջարկած օրենսդրական փոփոխության ընդունվելու առիթով: Ի՞նչ է նախատեսում ձեր առաջարկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

- Անշուշտ, ես չափազանց կարեւորում եմ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին բռնությունների բացառման հարցը: Սակայն, մենք գիտենք, որ 2016-ին այնտեղ տեղի են ունեցել սարսափելի բռնություններ, որոնք հանգեցրել էին քաղաքացիական անձանց սպանությունների: Ուստի, մենք պետք է ավելի ակտիվ դիրքորոշում ընդունենք այդ սահմանին խաղաղության ապահովման հարցում: Հենց դրան է լիովին նվիրված այս օրենսդրական փոփոխությունը: Այն մասնավորեցնում է, որ այդ սահմանի մոտ չպետք է զորքեր տեղակայվեն եւ պետք է տեղադրվեն հատուկ կրակորսիչ սարքեր, որոնք կարող են պարզել, թե արդյոք սահմանին տեղադրված են այդ զենքերը: Ավելին, այդ սահմանի երկայնքով պետք է լինեն դիտորդներ, ովքեր կարող են իրագործել այս ամենը: Այս միջոցներն անպայման կնվազեցնեն բռնության աստիճանը, որը կարող է ցանկացած պահի դուրս ժայտքել: Սա նաեւ համահունչ է Էնգել-Ռոյս առաջարկություններին, որոնք մշակվել էին նախկին Կոնգրեսում:

- Ինչպիսի՞ն եք տեսնում ԱՄՆ-ի դերը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում: Կարծում եք արդյոք, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր ունենա։

- Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվ դեր ստանձներ, քանի որ համոզված եմ, մեզ կհաջողվեր խաղաղություն ապահովել սահմանի (շփման գծի) երկայնքով: Ես առաջարկել եմ, որ Միացյալ Նահանգները 4 միլիոն դոլար հատկացնի այս խաղաղ գործընթացին, ուստի ինքս որքան հնարավոր է ակտիվ կլինեմ խաղաղության պահպանման գործընթացում եւ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կբարձրաձայնեմ խնդրի կարեւորությունը։

- Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն», որից հետո ակնկալվում էր, ավելի սերտ համագործակցություն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան:

- Ես շատ հպարտ էի Հայաստանի համար, որովհետեւ այն փոխվեց, բայց փոխվեց խաղաղ ճանապարհով՝ խաղաղ եւ ժողովրդավարական գործընթացներով: Այսպիսով, սա ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը գործում է եւ ես հույս ունեմ, որ ավելի սերտ հարաբերություններ կհաստատվեն Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ: Անշուշտ, կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք նյութական օգնություն հատկացնել Հայաստանին, որպեսզի այն զարգացման հնարավորություն ստանա: Այսպիսով, հույս ունեմ, որ դա տեղի կունենա, գիտեմ որ ԱՄՆ-ը չի ճանաչել Ցեղասպանությունը, չնայած որ ես ինքս աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման բանաձեւին Կոնգրեսում: Մենք չենք կարող անտեսել մեկ միլիոնից ավելի հայերի մահը:

- Կրկին շնորհակալություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG