Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը սկսում է շրջագայություն ասիական երկրներում


Թաիլանդում հինգշաբթի օրը կսկսվի ԱՄՆ-Հարավասիական պետությունների ընկերակցություն հանդիպումը, որը նախագահելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են ազատ եւ բաց առեւտուր սկսելու հետ կապված հարցեր։ Սակայն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու թեման լինելու է կենտրոնական հարցերից մեկը։ Փոմփեոն հույս է հայտնել, որ այցի մի քանի օրերի ընթացքում միմյանց միջեւ կանցկացվի աշխատանքային մակարդակի հանդիպում։

Մյուս կարեւոր հարցերից մեկը Հարավչինական ծովում տիրող իրավիճակն է, որտեղ Չինաստանը իր հավակնություններն է ներկայացրել լայնածավալ տարածքների վրա, ինչպես ԱՄՆ-ը ու մյուս երկրներն են հայտարարում՝ ոտնահարելով միջազգային օրենքները։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսի խոսքերով, ՝՝Քանի որ դրանք միջազգային ջրային տարածքներ են, ԱՄՆ-ը շարունակելու է նավարկել այդ տարածքներով ու իրականացնել օդային թռիչքներ այնտեղ, ըստ միջազգային օրենքների՛՛։

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի այցն Ասիա իրականացվում է այն ժամանակահատվածում, երբ Շանհայում առեւտրի շուրջ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի ու Չինաստանի դիվանագետները։ Նախագահ Թրամփն ասում է, թե Չինաստանը գուցե դիտմամբ է դանդաղեցնում բանակցային գործընթացը։ Թրամփի կարծիքով Պեկինը դա անում է՝ նախընտրելով բանակցություններն ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահի հետ։
՝՝Նրանք շատ կուզենային, որ ես պարտվեի ընտրություններում, որպեսզի գործ բռնեն ասենք Էլիզաբեթ Ուորենի, քնկոտ Ջո Բայդընի ու մեկ ուրիշի հետ։ Այդ դեպքում նրանք կկարողանան նորից թալանել մեր երկիրն այնպես, ինչպես թալանել են անցած 3Օ տարիներին՛՛, ասել է Թրամփը։

Թրամփը նախազգուշացրել է Չինաստանի ղեկավարներին, որ եթե նրանք շարունակեն սպասելու գործընթացը, տեսնելու համար, թե ով է ընտրվում ԱՄՆ-ի նախագահ, իր վերընտրվելու դեպքում բանակցությունների պայմանները կլինեն շատ ավելի խիստ։


XS
SM
MD
LG