Մատչելի հղումներ

Սկսվեց ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների բանավեճերի երկրորդ փուլը


ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող թեկնածուները բանավեճերի երկրորդ փուլը Դեթրոյթ քաղաքում սկսեցին առողջապահական համակարգի ու ներգաղթի օրենքների շուրջ միմյանց քննադատող հայտարարություններով։ Նրանցից յուրաքանչյուրը նաեւ փորձում էր ապացուցել, որ ինքն է Թրամփին պարտության մատնելու ունակ ամենալավ թեկնածուն։
Ավելի չափավորական մրցակիցները նման հարձակումներ էին իրականացնում ընդդեմ սենատորներ Բերնի Սանդերսի եւ Էլիզաբեթ Ուորենի՝ նրանց քննադատելով առողջապահական համակարգը բարեփոխելու եւ երկրագնդի ջերմացման դեմ պայքարի շուրջ նրանց ծրագրերը։
Սենատոր Սանդերսը, պաշտպանելով առողջապահական պետական համակարգի մասին իր ծրագիրը, հայտարարում էր, թե հարցումները ցույց են տալիս, որ ինքը կարող է պարտության մատնել Թրամփին։ ՝՝Մենք պարտավոր ենք նրան հեռացնել իշխանությունից, քանի որ նա խարդախ է ու խաբեբա՛՛, ասում էր Սանդերսը։
Թեկնածուներից կոնգրեսական Թիմ Ռայընը, լինելով ավելի չափավորական, հայտարարում էր, որ դեմոկրատները տանուլ կտան նախագահական հաջորդ ընտրություններում, եթե առողջապահական համակարգի, տնտեսության ու շրջակա միջավայրի հարցով ներկայացնեն չափազանց ձախակողմյան ծրագրեր։
Սենատոր Էլիզաբեթ Ուորները շեշտում էր լուրջ քաղաքական ու տնտեսական ծրագրեր առաջ քաշելու կարեւորությունը։ Սանդերսի հետ միասին նա ընդգծում էր ապահովագրական համակարգում առկա սխալները, ոչ միայն նրանց համար, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն, այլ նաեւ նրանց, որոնց ապահովագրությունները լիովին չեն փակում բժշկական ծախսերը։

Սակայն որքան էլ դեմոկրատները քննադատեն ու դատապարտեն միմյանց, վերջում նորից հարձակման թիրախ են դարձնում հանրապետական նախագահ Թրամփին։

Կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքեն ասում էր. ՝՝Անօրինական նախագահից սպառնացող վտանգի ու սպառնալիքի ներքո, մենք պիտի ընտրենք նախագահ, որը պաշտպանելու է մարդու իրավուքներն ամենուր, նախագահ, որը երաշխավորելու է օրենքի գերակայությունը՛՛։


Դեմոկրատներից եւս տասը մասնակցելու են չորեքշաբթի օրվա բանավեճին։ Նրանց շարքում է նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, որն ըստ հարցումների, ներկա պահին ունի ամենաբարձր ցուցանիշը։


XS
SM
MD
LG