Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը բողոքում են Մոսկվայում իրականացված ձերբակալությունների դեմ


Չնայած ցույցը չարտոնելու Ռուսաստանի իշխանությունների որոշմանը, անցած շաբաթ օրը մի քանի հազար մարդ հավաքվեց Մոսկվայի քաղաքապետարանի առջեւ՝ բողոքելու համար ընտրացուցակներից անկախ 3Օ թեկնածուների անունները հանելու որոշման դեմ։ Եվ Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ այդ օրը բերման է ենթարկվել 1373 մարդ, որոնց թվում է ընդդիմությունը ներկայացնող թեկնածու Իլյա Յաշինը։ Նրա նկատմամբ կայացվել է 1Օ օր ազատազրկելու մասին վճիռ։

Նրա փաստաբան Վադիմ Պրոխորովի խոսքերով, դատարանում կայացվել է քաղաքական որոշում՝ Յաշինին Մոսկվայի ընտրություններում մասնակցելու իրավունքից զրկելու եւ եկող օրերի ընթացքում հասարակությունից նրան մեկուսացնելու նպատակով։ ՝՝Սակայն վստահ եմ, որ ցուցարարները նորից դուրս կգան փողոցներ՛՛, ասում է նա։

Հիշեցնենք, որ ցույցերի գլխավոր կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել էին դեռեւս նախքան շաբաթ օրվա ցույցը եւ պատրաստվում են բանտում նրան պահել 3Օ օր, որտեղ դեմքի անսպասելի այտուցվածության պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց՝ ախտորոշվելով ալերգիա հիվանդությամբ։ Սակայն ինչպես նրա անձնական բժիշկ Անաստասիա Վասիլեւան է ասել, հիվանդանոցում մերժել են հետագա հետազոտություններ անցնելու նպատակով Նավալնիին եւս երեք օր այստեղ պահելու իր խնդրանքը։ Վասիլեւան ասում է, թե իրենք ունեն կասկածներ, որ Նավալնիի առողջական վիճակն ավելի լուրջ է, քան ներկայացնում են հիվանդանոցի բժիշկները։
Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան էլ ասում է, թե իր պաշտպանյալը թունավորվել է ինչ որ քիմիական նյութով։ ՝՝Եվ թե ինչ նյութ է եղել այն եւ որտեղ է դա պատահել, դեռեւս ճշտված չէ՛՛, ասում է նա։

Նավալնիի այս դեպքը հիշեցնում է ռուս մի շարք այլ այլախոհների այստեղ թունավորելու փաստի մասին, որոնցից ամենաաղմկահարույցը 2ՕՕ6 թվականին ռուս գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման դեպքն էր Լոնդոնում։ Հիշենք նաեւ 2Օ15 թվականին Կրեմլին հարող կամուրջներից մեկի վրա ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը։
Ինչպես Human Rights Watch կազմակերպությունն է հայտարարում, Ռուսաստանի կառավարության ՝՝ամուր բռունցքի ոճով պատասխանը նախազգուշացում է ռուսներին այն մասին, որ կկանգնեն խիստ հետեւանքների առջեւ նրանք, ովքեր դուրս կգան փողոցներ, անկախ նրանից, խաղաղ են ցույցերը, թե ոչ, անկախ նրանից, որ դուրս են գալիս ազատ ընտրություններ անցկացնելու արդարացի պահանջով՛՛։

Human Rights Watch եւ Amnesty International կազմակերպությունները պահանջում են, որ իշխանություններն ազատ արձակեն խաղաղ ցուցարարներին ու հանեն նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքները։

XS
SM
MD
LG