Թուրքիան շարունակում է նորանոր զորքեր տեղակայել Սիրիայի հետ սահմանին՝ ստեղծելով այն տպավորությունը, որ պատրաստվում է իրականացնել ներխուժում դեպի հարեւան երկրի հյուսիսային հատվածներ։
Թուրքիան իր գործողությունները փորձում է արդարացնել տեղի քրդական ուժերին այստեղից հետ մղելու մտադրության մասին հայտարարություններով։ Խոսքը ԱՄՆ-ի դաշնակից, Սիրիայի ժողովրդավարական ուժերի մասին է, որոնք մեծ դեր են խաղացել Սիրիայում Դաեշի դեմ պայքարում։
Հիմա Միացյալ Նահանգները, փորձելով խուսափել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ նոր խնդիրներից եւ իր դաշնակից քրդական այս ուժերին անտեսելուց, հանդես է գալիս միջնորդի դերով ու հրատապ հանդիպումներ անցկացնում Սիրիայի քրդերի ու Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ։
Ինչպես քրդական ուժերի հրամանատար Մուսթաֆա Բալին է ասում, ամերիկացիները կարող են խաղալ որոշիչ դեր։ Նրա խոսքերով, իրենք պատրաստ են երկխոսության, սակայն երբեք չեն ընդունի որեւէ սպառնալիք։ ՝՝Երբ մեր ժողովուրդը վտանգի տակ է, մենք ունենք պայքարելու ու մեզ պաշտպանելու իրավունք՛՛, ասում է նա։
Թուրքիան Սիրիայի ժողովրդավարական ուժերին համարում է Քրդական աշխատավորական կուսակցության մի թեւը, որն այստեղ ու ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական խմբավորում։ Նախագահ Էրդողանի խոսքերով էլ, իր երկիրը պատրաստ է ՝՝կտորների բաժանել ահաբեկչական այդ միջանցքը՛՛։
Եվ այս սպառնալիքների տակ է Սիրիայի հյուսիսային այս հատվածը գտնվում Սիրիայում 2Օ11 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի հենց սկզբից։
Եթե ոմանք Թուրքիայի այս քաղաքականությունը համարում են Սիրիայի համատեքստում ավելի մեծ դեր ստանձնելու քաղաքական մարտավարություն, մյուսները պնդում են, որ Թուրքիան չունի հարեւան երկիր սուտ պատրվակներով ներխուժում իրականացնելու որեւէ իրավունք։
Ինչպես քաղաքական գործիչ Դիլշադ Աբդոն շեշտում, սիրիական ճգնաժամի անցած 9 տարիների ընթացքում որեւէ ական կամ փամփուշտ այստեղից չի անցել դեպի Թուրքիայի տարածքը։
Նրա այս պնդումը լիովին ճիշտ էր մինչեւ վերջերս, երբ անցյալ շաբաթ հրանոթային մի քանի ական արձակվեց դեպի Թուրքիա։ Թե ով, եւ ինչու, դեռեւս հստակ ասելը դժվար է։