Մատչելի հղումներ

‘’Նավալնին գուցե ենթարկվել է քիմիական թունավորման’’, ասել է նրա բժիշկը


Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անձնական բժիշկն ասել է, թե հնարավոր է, որ Նավալնին ենթարկվել է քիմիական թունավորման:

‘’Չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ նրա մաշկը թունավորվել է ու վնասվել անծանոթ քիմիական նյութով’’, գրել է բժիշկ Անաստասիա Վասիլիեւան ‘’Ֆեյսբուք’’-ի իր էջում` Նավալնիին հիվանդանոցում հանդիպելուց հետո:

Հիշեցնենք, որ Նավալնին ազատազրկվել էր երեսուն օրով, եւ հիվանդանոց էր տեղափոխվել կիրակի օրը, ինչպես իշխանություններն էին հայտնել, ‘’ալերգիկ ուժեղ ռեակցիայի’’ արդյունքում: Նրան հիվանդանոցից արդեն տեղափոխել են բանտախուց:

Նավալնիի խոսնակն ասել էր, թե ընդդիմադիր առաջնորդը եւ Կրեմլի հակառակորդը հիվանդանոց էր տեղափոխվել ‘’դեմքի խիստ այտուցվածության ու մաշկի վրա հայտնված կարմիր բծերի պատճառով’’: Նրա խոսքերով, Նավալնին նախկինում նման խնդիր երբեք չի ունեցել:

Նավալնիի գլխավոր օգնական Լեոնիդ Վոլկովն ավելացրել է, որ ինքը նույնպես ունեցել է նույն խնդիրը, երբ անցյալ ամիս իրեն պահում էին հենց այդ նույն խցում:


Հիվանդանոցի ներկայացուցիչը արեւմտյան լրատվական գործակալություններին երկուշաբթի օրը հայտնել է, որ Նավալնիի առողջական վիճակը ‘’գոհացուցիչ է’’:

Նավալնին ձերբակալվել էր Մոսկվայում շաբաթ օրը չարտոնված բողոքի ցույց սկսելու կոչ անելու համար: Այդ օրը սկսված ցույցի ժամանակ ավելի քան 1300 մարդ է ձերբակալվել:

Ինքը` Նավալնին վերջին մի քանի տարիների ընթացքում ձերբակալվել է ավելի քան տասն անգամ եւ անազատության մեջ եղել ավելի քան 200 օր:

XS
SM
MD
LG