Մատչելի հղումներ

Դեմոկրատ թեկնածուները պատրաստվում են Դեթրոյթի բանավեճին


Ամերիկացիների ուշադրությունն այս շաբաթ սեւեռվելու է Դեթրոյթ քաղաքի վրա, որտեղ անցկացվելու է Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուների երրորդ բանավեճը: Այս բանավեճին 20 թեկնածուներից մասնակցում են 10-ը:


ԱՄՆ-ի նախագահական դեմոկրատ թեկնածուների շրջանում ըստ հարցումների առաջին տեղում գտնվող Ջո Բայդընի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում:

Նա իր կուսակիցների կողմից քննադատության է արժանանում հատկապես 1994 թվականին քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու կողմնակիցը լինելու մեջ, ինչը, ըստ Կալիֆորիան ներկայացնող սենատոր Քամալա Հարրիսի, դարձել էր պատճառ փոքրամասնությունների շրջանում զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար: Այս մեղադրանքներին է միանում Նյու Ջըրզին ներկայացնող սենատոր Քորրի Բուքերը, որն իր հավաքած ձայներով շատ հետ չի մնում Բայդընից: Իսկ վերլուծաբանները, ներկայացնելով ընտրողների կարծիքը, ասում են, թե հարկավոր է, որ թեկնածուներն արդեն կենտրոնանան տնտեսական հարցերի վրա: Նրանցից Մայքըլ Թրոգոթի խոսքերով, հարկավոր է արդեն խոսել առողջապահական համակարգից, կրթության քաղաքականության ու աշխատատեղերի մասին:


Սենատոր Բերնի Սանդերսը, որն իր վարկանիշով ներկա պահին երկրորդ հորիզոնականում է, փորձում է պահպանել այս տեղը, որին կրնկակոխ հետեւում է Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը: ‘’Մեզ հարկավոր է նախագահական այնպիսի քարոզարշավ, որը լիցք է հաղորդում ու հուզում ամերիկացիներին’’, ասում է Սանդերսը:


Եկող բանավեճը թեկնածուներին առաջարկում է քվեարկողների հետ դեմ առ դեմ խոսելու հնարավորություն, մի բան, որը շարունակվելու է տարբեր միջոցառումների ժամանակ մինչեւ նախագահական ընտրությունները:

XS
SM
MD
LG