Մատչելի հղումներ

Հուլիսի 27-ի ցույցերին ընդառաջ ձերբակալվում են ռուս ընդդիմադիր թեկնածուները


Մոսկվայում հուլիսի 20-ին անցկացված բողոքի ցույցի շարունակությունը սպասվում է հուլիսի 27-ին: Մարդիկ բողոքում են, որ Մոսկվայի տեղական ընտրությունների ընտրացուցակներից հանվել են անկախ 30 թեկնածուների անունները: Ընտրական հանձնաժողովի անդամները պնդում են, թե թեկնածուներին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ:
‘’Անհնար է, որ երեսուն թեկնածուներին էլ հաջողված չլիներ հավաքել այդ ստորագրությունները’’, ասում են ցուցարարները:

Հուլիսի 27-ին նախատեսված բողոքի ցույցը խոչընդոտելու նպատակով այստեղ չորեքշաբթի օրը ձերբակալվեց ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնին, որից հետո նույն օրը գիշերը շուրջկալներ իրականացվեցին ընդդիմության թեկնածուների տների մոտ: Հինգշաբթի օրը հարցաքննության էր կանչվել ութ թեկնածու: Ինչպես նրանցից Իլյա Յաշինն է ասում, սա իրենց վախեցնելու մի փորձ է: ‘’Սակայն մենք չենք հանդուրժելու մեզ մասնատելու ու ծնկի բերելու նրանց փորձերը’’, ասում է նա:

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարում է, որ բողոքի ցույցերը որեւէ բան փոխել չեն կարող եւ որ ‘’օրենքը թույլ չի տալիս գրանցել բոլորին’’, որակազրկված թեկնածուներից Լյուբով Սոբոլը գտնում է, որ ընդդիմությունն այժմ ունի միայն բողոքի ցույցերի միջոցով պայքարելու հնարավորություն:


‘’Մենք պատրաստ էինք պայքարել մեր քաղաքական ծրագրերով, մեր գաղափարներով, ինչը օրինական գործընթաց է: Սակայն մեզ դա թույլ չեն տալիս ու հանում են մեր անունները ընտրացուցակներից: Ուրեմն մեր իրավունքների համար պայքարելու միակ տեղը փողոցն է’’, ասում է նա:

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հորդորում են Մոսկվայի ընտրական հանձնաժողովին թույլ տալ, որ բավարար թվով ստորագրություններ հավաքած թեկնածուները մասնակցեն ընտրություններին: Այլապես, ասում են նրանք, ավելի կխորանա ժողովրդի ու կառավարության միջեւ առկա անդունդը:

XS
SM
MD
LG