Մատչելի հղումներ

Դեմոկրատներն ու հանրապետականները Մյուլլերի պատասխաններին նայում են իրենց տեսանկյուններից


Հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի հարց ու պատասխանին կոնգրեսականներն իրենց հարցերը պատրաստել էին անքուն գիշերների ընթացքում։ Անքուն գիշեր են անցկացրել նաեւ այս երիտասարդները, որոնք այստեղ գիշերելով, ցանկացել են ներկա լինել պատմական իրադարձությանը։ Պատմական, քանի որ շատերն էին հավատացած, որ Մյուլլերը կասեր բաներ, որոնք կարող էին վճռական լինել Սպիտակ տան պատմության համար։

Դեմոկրատներն այսօր ասում են, թե Մյուլլերի պատասխաններից հստակ պարզ է դառնում, որ նախագահ Թրամփը խոչընդոտել է արդարադատությունը։

Հանրապետականները պնդում են, որ լսումների ընթացքում Մյուլլերը պարզապես չի էլ իմացել, թե որն է եղել 448 էջանոց զեկույցի ամբողջ էությունը։ Նրանցից Մեթ Գեթցի խոսքերով, չէր թվում, որ Մյուլլերը լավ էր տիրապետում զեկույցին։ Նա մեղադրում է հատուկ հետաքննիչին հետաքննությունը սկսելու մասին գլխավոր հարցերին պատասխանելուց խուսափելու մեջ։


Այժմ Ներկայացուցիչների տան 9Օ դեմոկրատներ են կոչ անում անվստահության քվե հայտնել Թրամփին։
Նրանցից Մերի Սկենլոնի խոսքերով, ՝՝Զեկույցը վեր հանեց նախագահի կողմից թույլ տրված մի շարք սխալներ, նույնիսկ քրեական բնույթի սխալներ, որոնք տանում են դեպի անվստահության քվե՛՛։

Պալատի խոսնակ Նենսի Փելոսին էլ կարծում է, որ Մյուլլերի վկայությունները դարձան շրջադարձային կետ ՝՝Թրամփի հանցագործությունների շուրջ ամերիկացիների ունեցած իմացությունը խորացնելու հարցում՛՛։ Սակայն անվստահության քվե, նրա կարծիքով պետք է հայտնել այն բանից հետո, երբ դեմոկրատների ներակայացրած հայցերին ի պատասխան դատարանները տան համապատասխան տեղեկություններ։

Այսինքն՝ հիմա, երբ Կոնգրեսի ամառային արձակուրդներն արդեն հեռու չեն, անվստահության քվեի հարցը չի թվում մոտ։

XS
SM
MD
LG