Վենեսուելայում 2Օ18 թվականի նախագահական ընտրություններից հետո այս երկրի ազգաբնակչությունն ապրում է սննդամթերքի պակասի, գերսղաճի ու էլեկտրականության անջատումների պայմաններում։ Հոսանքի անջատումների մեջ ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոն մեղադրում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, ում խոսքերով, նրանք դա անում են ՝՝երկրում տիրող իրավիճակը կոծկելու նպատակով՛՛։
Պերուի մայրաքաղաքում այս շաբաթ հանդիպում անցկացրին Լիմայի խմբի 14 անդամ պետությունների ներկայացուցիչները՝ կոչ անելով նախագահական նոր ընտրություններ Վենեսուելայում։
Ինչպես Պերուի արտգործնախարար Նեստոր Պոպոլիզիոն ասաց, ՝՝արդար քաղաքական կամքը կարող է հանգեցնել նրան, որ Վենեսուելայում գան արտահերթ, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնության՛՛։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն թվիթերյան իր էջում աջակցություն է հայտնել Լիմայի խմբին՝ Մադուրոյի վարչակարգն անվանելով ՝՝ոչ լեգիտիմ՛՛։
Մադուրոն շարունակում է հայտարարել, որ արդեն երկու դար է, Վենեսուելան ՝՝պայքարում է ընդդեմ գաղութատիրացման ու իմպերիալիզմի՛՛, եւ որ վենեսուելացիները երբեք չեն հանդուրժի որեւէ ագրեսիա։
Փոմփեոն դրանից մի քանի օր առաջ էր ասել, որ Մադուրոյի իշխանությունը տապալված է։ ՝՝Մադուրոն այլեւս երբեք չի կառավարելու այդ երկրում։ Նա ներկա պահին միգուցե ունի վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, սակայն այլեւս երբեք չի կարող կառավարել իր ժողովրդին՛՛, ասել է Փոմփեոն։ Նրա խոսքերով, Մադուրոն է այստեղ մարդասիրական ճգնաժամի պատճառը։
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ներկայացրել է Վենեսուելայի պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները եւ հիշեցրել ՄԱԿ-ի այն զեկույցի մասին, ըստ որի Վենեսուելայի անվտանգության ուժերը Մադուրոյին դեմ հանդես եկած քաղաքացիական մի քանի հազար անձանց են սպանել։ Նրա խոսքերով, այս տարածաշրջանում Իրանի ազդեցությունը ՝՝անվտանգության ու ժողովրդավարության համար դարձել է սպառնալիք՛՛։
Վենեսուելայում ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ անցյալ տարի անցկացված նախագահական վիճահարույց ընտրություններում հաղթող ճանաչվեց Մադուրոն, երբ ընդդիմությունը հայտարարում էր համատարած խախտումների ու անօրինականությունների մասին։
ԱՄՆ-ը չնայած զարկ է տալիս Վենեսուելայի դեմ պատժամիջոցներին, Թրամփի վարչակազմը մյուս կողմից խոստանում է բազմամիլիոն դոլարների համարժեք մարդասիրական օժանդակություն այս երկրի ժողորդրի համար։