Մատչելի հղումներ

՝՝Թրամփին հնարավոր է մեղադրանք ներկայացնել պաշտոնավարումից հետո՛՛, ասել է Մյուլլերը


Նախկին Հատուկ հետաքննչական խմբի ղեկավար Ռոբերտ Մյուլլերը, որն ուսումնասիրում էր 2Օ16 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը, Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարեց, թե իրենց հետաքննությունը Թրամփին չի արդարացնում արդարությունը խոչընդոտելու հարցով առաջ քաշված մեղադրանքներում։

Ներկայացուցիչների պալատի դատաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերի հարցին, թե արդյոք Մյուլլերը լիովին արդարացնում է Թրամփին, Մյուլլերը պատասխանել է. ՝՝Նախագահը չի արդարացվել այն գործողություններում, որոնց շուրջ բարձրացվել են մեղադրանքները՛՛։

Մյուլլերը սակայն բացատրել է, որ Թրամփի նկատմամբ չի կարելի ներկայացնել քրեական հանցագործության մասին մեղադրանքներ, քանի որ արդարադատության նախարարության քաղաքականության համաձայն, թույլ չի տրվում մեղադրանքներ ներկայացնել ընդդեմ գործող նախագահի։

Մյուլլերը լսումների ժամանակ ասել է, թե իր թիմը Թրամփին մի քանի անգամ է խնդրել հանդես գալ ուղիղ եթերով, դեմ առ դեմ վկայություններով, սակայն նախագահը միայն պատասխանել է հարցերից մի քանիսին գրավոր կերպով։


Մյուլլերի ղեկավարած հետաքննչական խմբի ներկայացրած 448 էջանոց զեկույցը հրապարակվեց 22 ամիս տեւած ուսումնասիրություններից հետո, որի եզրակացության մեջ ասված է, որ չկան 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար ռուսների հետ համաձայնության գալու հարցով Թրամփին մեղադրելու համար բավարար փաստեր։

Մյուլլերի չորեքշաբթի օրվա հարց ու պատասխանի ամենաուշագրավ պահն այն էր, որ նա հայտարարեց, թե կարծում է, որ Թրամփի դեմ արդարադատությունը խոչընդոտելու մեղադրանք կարելի է ներկայացնել նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո։
Թրամփն ասել է, թե ինքը չունի Մյուլլերի հարց ու պատասխանը դիտելու որեւէ նպատակ։

XS
SM
MD
LG