Մատչելի հղումներ

Քաշմիրի մասին Թրամփի հայտարարությունը՝ քաղաքական հակասությունների խնդիր Հնդկաստանում ու Պակիստանում


Հիմալայներում գտնվող գեղատեսիլ Քաշմիրի շրջանը բաժանված է Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ, եւ այս շրջանի համար 1947 թվականից ի վեր երկու անգամ պատերազմ է սկսվել միջուկային զենք կրող երկու այս հարեւանների միջեւ։ Լարվածությունն այս հարցում ավելի սրվեց, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետի հետ Սպիտակ տանն անցկացրած հանդիպման ժամանակ ասաց, թե Հնդկաստանի վարչապետն իրեն հարց է ուղղել՝ ՝՝Ուզում եք լինել միջնո՞րդ, թե՞ դատավոր՛՛։

Թրամփի այս հայտարարությունը տալիս է առիթ կասկածելու, որ Վաշինգտոնը մտադիր է փոփոխության ենթարկել Քաշմիրի հարցում որդեգրած բազմամյա քաղաքականությունն այն մասին, որ խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես երկու կողմերի միջեւ համաձայնությամբ։ Այդ պատճառով Թրամփի հայտարարությունը զայրացնում է Պակիստանին։ Տարակուսանք է առաջ եկել նաեւ Հնդկաստանում, որտեղ արտգործնախարարը հայտարարում է, թե իր երկրի վարչապետը միջնորդի դերով հանդես գալու խնրանքով չի դիմել Թրամփին։

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ԱՄՆ-ի Խաղաղության հաստատությունում երեքշաբթի օրը կրկնել է, որ վեճի առարկա Քաշմիրը մնում է Պակիստանի ու Հնդկաստանի միջեւ հարաբերությունները բարելավելու գլխավոր խնդիրը։

՝՝Սակայն, ամեն անգամ, երբ փորձում ենք գտնել ուղիներ ու երբ հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ, ինչ որ մի բան է պատահում Քաշմիրի հարցով ու ամեն ինչ վերադառնում է ելման դրության՛՛, ասել է նա։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Թրամփը չի պատկերացրել նման վիճահարույց ու հակասական հայտարարություն կատարելու հետեւանքները։

Շատերն էլ պարզապես չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններին Քաշմիրի մասին Թրամփի հայտարարությունից հետո։

XS
SM
MD
LG