Ավելի քան մեկ ամիս վրացիները բողոքի համատարած ցույցեր էին անցկացնում Թբիլիսիում։ Նրանց զայրացրել էր այն հանգամանքը, որ իրենց երկրի խորհրդարանի նախագահի աթոռից իր խոսքն էր ուղղել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող մի պատգամավոր։ Ցույցերի ժամանակ գրանցվել էին բախումներ ոստիկանության հետ։ Ցուցարարները հայտարարում էին, որ պահանաջում էին իրենց խորհրդարանի խոսնակի հրաժարականը։ Սակայն ուժի կիրառումից հետո պահանջը տարածվեց նաեւ ներքին գործերի նախարարի վրա։
Ցույցերը դարձան Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ լարված հարաբերություններն է՛լ ավելի սրելու պատճառ։ Կրեմլն արգելեց ուղիղ թռիչքները երկու երկրների միջեւ ու կոչ արեց իր քաղաքացիներին վերադառնալ Վրաստանից։ Վերլուծաբանների խոսքերով, սա մեծապես է վնասելու Վրաստանի տնտեսությանը։
Նրանցից Վլադիմիր Պապավայի խոսքերով, Վրաստանը տարեկան կկրի 4ՕՕ միլիոն դոլարի վնաս։
Կողմերի միջեւ հակասություններն ու թշնամանքը սկսվեց այն բանից հետով, երբ ռուսական ուժերը 2ՕՕ8 թվականին զավթեցին Վրաստանի կազմի մեջ դե յուրե համարվող Աբխազիան ու Հարավային Օսիան։ Երկրամասեր, որոնց անկախությունը մինչ այժմ ճանաչել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան ու Նաուրուն։
Փորձագետների խոսքերով, Ռուսաստանն այս ճնշամիջոցները կիրառում է՝ թույլ չտալու համար, որ Վրաստանը միանա ՆԱՏՕ-ին։
Կան գործիչներ, ինչպես օրինակ Վրաստանի նախագահի նախկին պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն, որոնք կարծում են, թե կարելի է Ռուսաստանին հետ պահել այդ քաղաքականությունից։ ՝՝Ավելի ընդունելի կլինի, եթե մենք բանակցենք Ռուսաստանի հետ, որպեսզի այն Վրաստանում հետ ստանա ռազմական իր բազաները եւ պայմանավորվենք, որ Վրաստանը չի միանա ռազմական որեւէ դաշինքի, այդ թվում ՆԱՏՕ-ին՛՛, ասում է նա։
Սակայն Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու կողմնակիցները գտնում են, որ բանակցությունների սեղանին երբեք չպիտի դրվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպանի խոսքերով հարկավոր է հարգել անկախ բոլոր երկրների իրավունքները։ ՝՝Իմ խոսքն ուղղելով ռուս բարեկամներին, ուզում եմ շեշտել, որ վրացիներն ուզում են ապրել ռուսների հետ, սակայն՝ ոչ Ռուսաստանում՛՛, ասել է նա։
Սակայն այժմ, երբ զբոսաշրջության բնագավառի վրա Ռուսաստանի կողմից իրագործվող պատժամիջոցների արդյունքում Վրաստանն արդեն իսկ զգում է տնտեսական դժվարությունների համը, շատերն են սկսում հավատալ, որ սկսվել է մի ճակատամարտ, որտեղից այս փոքր երկիրը չի կարող դուրս գալ հաղթանակած։