Մատչելի հղումներ

Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված


Իրանի գերագույն ղեղակավար Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպում է ունեցել Համաս խմբավորման ղեկավարի տեղակալ Սալեհ Արունիի հետ: Խամենեին ասել է, թե Գազայի գոտում Պաղեստինի ժողովրդի ‘’ապշեցուցիչ դիմադրությունը խոստանում է հաղթանակ ընդդեմ Իսրայելի’’:

Խամենեին նաեւ քննադատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը զարգացման միջոցով լուծելու ԱՄՆ-ի ծրագիրը` հայտարարելով, թե այն պաղեստինցիների ինքնությունը դրամով ոչնչացնելու ‘’վտանգավոր դավադրություն է’’:

Իրանը հայտարարում է, թե այստեղ ձերբակալել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 17 լրտեսների, որոնցից մի քանի նկատմամբ կայացրել են մահվան դատավճիռներ: Հայտարարություններ, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է ‘’լիակատար սուտ’’:

Իսկ իսրայելյան ուժերը շարունակում են պաղեստինցիներին պատկանող տները քանդելու աշխատանքները: Իսրայելը հայտարարում է, թե այդ տներն անօրինական եղանակով մոտ են կառուցված Հորդանան գետի արեւմտյան ափի բաժանարար հատվածին:

Տների բնակիչներն ասում են, թե ունեցել են այդ տները կառուցելու համար պաղեստինյան իշխանություններից ստացված իրավունք եւ մեղադրում են Իսրայելին` Հորդանան գետի արեւմտյան ափի այս հատվածները հափշտակելու փորձերի մեջ:

Իսրայելը Հորդանան գետի արեւմտյան ափը զավթել է 1967 թվականի Մերձավոր Արեւելքի պատերազմի ժամանակ, որից հետո` իրեն բռնակցել արեւելյան Երուսաղեմը: Ըստ միջազգային օրենքների, երկուսն էլ համարվում են գրավյալ տարածքներ, ինչը Իսրայելը հերքում է:

XS
SM
MD
LG