Մատչելի հղումներ

Դեմոկրատներն անհամբերությամբ են սպասում Մյուլլերի հարց ու պատասխանին չորեքշաբթի օրը


‘’Հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերն այս շաբաթ ներկայացնելու է շատ մանրամասն վկայություններ, որոնք թույլ կտան սկսել նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու գործընթաց’’: Այս մասին է ասում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը:

Մյուլլերը դատաիրավական եւ հետախուզության հարցերով հանձնաժողովների առջեւ վկայություններով է հանդես գալու չորեքշաբթի օրը, եւ պատասխանելու է այն հարցին, թե արդյոք իր հետաքննության արդյունքում պարզվել է, որ Թրամփի նախընտրական արշավը գաղտնի համաձայնություն է ունեցել Ռուսաստանի հետ, եւ թե արդյոք այս հետաքննությունը շեղելու փորձերով Թրամփը չի խոչընդոտել արդարադատությունը:

Fox News-ին տված հարցազրույցում Նադլերն ասել է, թե շատ կարեւոր է, որ Ամերիկայի ժողովուրդն առանց կրճատումների լսի եւ իմանա փաստերի մասին: ‘’Պետք է լսի ուղիղ, քանի որ սա այն նախագահն է, որը մի քանի անգամ է խախտել օրենքը: Եթե մեկ ուրիշի նկատմամբ լինեին այն մեղադրանքները, որոնք ներկայացված են այս զեկույցով, նրանց բոլորի նկատմամբ կներկայացվեին դատական հայցեր’’, ասել է Նադլերը ու ավելացրել, թե կարեւոր է, որ Ամերիկան չունենար անօրենք վարչակազմ ու անօրինական նախագահ: ‘’Կարեւոր է, որ ժողովուրդը տեսնի, թե որտեղ ենք մենք հասել եւ թե ինչ ենք անում’’, ասել է հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ Մյուլլերի հետաքննչական խմբի կողմից ներկայացված զեկույցը եզրահանգել էր, որ չկան բավարար փաստեր հայտարելու համար, որ Թրամփը կամ նրա ընտրարշավը գաղտնի համաձայնության են եկել Ռուսաստանի հետ: Սակայն Մյուլլերը գրել էր նաեւ, թե ինքը չի կարող վստահաբար հայտարարել, թե Թրամփը չի խոչընդոտել արդարադատությունը, երբ գործը հանձնեց արդարադատության նախարար Ուիլյամ Բարրին:

Թրամփը, որը բազմիցս է քննադատել Մյուլլերի հետաքննությունը, ասել է, թե նրա ներկայացրած զեկույցն իրեն լիովին ազատում է քրեական մեղադրանքներից:

Մյուլլերը նախկինում ասել է, թե ինքն այս զեկույցում բառերն ընտրել է շատ զգուշավոր կերպով եւ չի պատրաստվում հավելյալ տեղեկություններ ներկայացնել, երբ հանդես գա վկայություններով:

Սակայն դեմոկրատները հույս ունեն Կոնգրեսում հարց ու պատասխանի ընթացքում Մյուլլերից ստանալ հավելյալ մանրամասնություններ:

XS
SM
MD
LG