«Կրոնական փոքրամասնությունների նկատմանբ զանգվածային բռնությունների կանխարգելումը Հայաստանի առաջնահերթությունն է»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Կրոնական ազատություններին նվիրված վաշինգտոնյան համաժողովի իր ելույթում:
Նախարարը շեշտում է ՝ դրանց զանգվածային խախտումները պետք է մտահոգեն միջազգային ամբողջ հանրությանը:
« Այդ հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, արդարացնելու յուրաքանչյուր փորձ, կրոնական համերաշխության կոչերով կամ կրոնի հետեւում թաքնվելով, վիրավորական են յուրաքանչյուր դավանանքի համար»,- նշում է Մնացականյանը:
Արտգործնախարարի խոսքերով՝ Հայաստանն այսօր ապաստան է տրամադրել ավելի քան 20 հազար սիրիացի և եզդի փախստականների Մերձավոր Արևելքից, ովքեր հեռացել են իրենց հայրենիքից կրոնական հողի վրա հետապնդումների պատճառով: Մնացականյանը շեշտում է հետապնդման ենթարկված համայնքների վերականգնման ու փախստականների վերադարձի անհրաժեշտությունը որպես կրոների ազատության կարևոր բաղադրիչ:
«Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վերահաստատելու համար Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հինավուրց ներկայությունը՝ վերակառուցելով նրանց համայնքներն ու եկեղեցիները»,- հայտարարում է Մնացականյանը:
Իր ելույթում արտգործնախարարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը պատմականորեն նպաստել է Մերձավոր Արևելքի երկրների բազմազանության, բարգավաճման ու ներդաշնակ միջավայրի հաստատմանը:
Մնացականյանը համաժողովը որակում է որպես կարևոր մի հարթակ կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների կարգավորման համար: Հայաստանը ողջունում է համաժողովի անցկացումը և հույս հայտնում, որ այն կդառնա ավանդական:
Համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի կրթության և մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսի, Սերբիայի իր գործընկեր Իվիցա Դաչիչի, Հունաստանի նորանշանակ արտգործնախարար Նիկոս Դենդիասի և Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավինի հետ: Հանդիպումներին քննարկվել են համատեղ հետաքրքրություն ունեցող հարցեր:
Facebook Forum