Մատչելի հղումներ

Միջնորդագրեր են ներկայացվել դատարան՝ փախստականության հարցով կիրառվող կանոնները կասեցնելու խնդրանքով


Քաղաքացիական իրավունքների պաշտպան մի շարք խմբեր միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ փախստականության մասին Թրամփի վարչակազմի ընդունած նոր կանոնները ժամանակավորապես կասեցնելու խնդրանքով։ Կանոնները, որոնք ուժի մեջ են մտել երեքշաբթի օրը, կտրականապես մերժում են փախստականության կարգավիճակ շնորհել այն միգրանտներին, որոնք Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանն անցնում են առանց դիմում ներկայացնելու եւ նրանք, որոնց կողմից փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները մերժում են ստանում մինչեւ ԱՄՆ ժամանելը՝ այլ երկրներում։

Օրենքը կասեցնելու միջնորդագրեր են ներկայացրել Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միություն, Հարավային նահանգների աղքատության հարցերով կենտրոն եւ Սահմանադրական իրավունքի կենտրոն կազմակերպությունները։

Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության փաստաբան Լիի Գելերնթն ասում է, թե այս վարչակազմը հարձակումներ է իրականացնում ընդդեմ Կենտրոնական Ամերիկայից ժամանող միգրանտների։ ՝՝Եվ այդ հարձակումներից մեկն արտահայտվում է երեխաներին իրենց ծնողներից առանձնացնելու քայլով՛՛, ասում է նա ու հույս հայտնում, որ դատարանները կհարգեն իրենց դիմումները։
ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե ուժի մեջ մտած այս կանոններն ունեն ԱՄՆ-ի փախստականության համակարգում լարվածությունը մեղմելու նպատակ։
Նշված կանոնները ժամանակավորապես կասեցնելու հարցով ներկայացված միջնորդագրերի լսումները կսկսվեն հաջորդ շաբաթվա ընթացքում։

XS
SM
MD
LG