Մատչելի հղումներ

Ինչպես է «նվաճվել» Լուսինը. առաջին քայլի մանրամասները


Հուլիսի 20-ին լրանում է մարդկության կողմից Լուսնի վրա վայրէջքի և առաջին քայլի 50 ամյակը: Կես դար առաջ, ոտք դնելով Լուսնի մակերեւույթիվ վրա, մարդկությունը նոր էջ բացեց տիեզերքի հետազոտման ասպարեզում։

Հուլիսի 16-ին առավոտյան 1969 թվականին Ապոլոն 11 տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Ամստրոնգը, Բազ Օլդրինը և Մայքլ Քոլինսը դուրս եկան տիեզերք Քենեդու անվան Տիեզերագնացության կենտրոնից, որը գտնվում է Ֆլորիդայում:

12 րոպե անց անձնակազմն արդեն տիեզերքում էր ու կատարում իր առջև դրված առաջադրանքը: Երեք օր անց նրանք վայրէջք կատարեցին ու ոտք դրեցին Լուսնի վրա:

Առաքելության ղեկավարման կենտրոնը ցնծում էր ուրախությունից:

Շուրջ կես միլիարդ մարդ դիտում էր հեռուստատեսությամբ այն պահը, երբ Ամստրոնգն առաջին քայլը կատարեց Լուսնի վրա:

«Սա մարդու մի փոքր քայլ է և հսկա առաջընթաց՝ մարդկության համար»,- ասաց նա։

Մի փոքր ավելի ուշ նրան միացավ մյուս տիեզերագնացը ՝ Օլդրինը: Նրանք այստեղ մնացին ավելի քան երկու ժամ՝ հետազոտության համար լուսանկարելով և նշումներ կատարելով:

Լուսինը «նվաճած» տիեզերագնացներն այստեղ տեղադրեցին ամերիկյան դրոշ և մի գրառում, որով հարգանքի տուրք մատուցվեց Ապոլոն 1 տիեզերանավի անձնակազմի անդամներին, ովքեր զոհվել էին ծառայությունն իրականացնելիս: Գրառման մեջ ասված էր՝ «1969 թվականի հուլիսին մարդը Երկիր մոլորակից առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա: Մենք այստեղ ենք եկել խաղաղությամբ՝ հանուն մարդկության»:

XS
SM
MD
LG