Մատչելի հղումներ

Իրանն ու ԱՄՆ-ը ուզում են սկսել բանակցություններ, սակայն՝ տարբեր ուղղություններով


Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրագործվող տնտեսական պատժամիջոցների արդյունքում առեւտուրն Իրանի հետ մեծապես կրճատել են նաեւ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները։ Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքերով, դա է ստիպել Թեհրանին հայտարարել, որ պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքերով, Իրանից տարբեր երկրներ արտահանվող նավթի փոխադրումները կրճատվել են 9Օ-ից 95 տոկոսով։ ՝՝Հիմա Իրանի վարչակարգը ջանում է ամեն կերպ դուրս գալ տնտեսական այս ծանր իրավիճակից՛՛, ասում է Փոմփեոն։

Իրանն ի պատասխան զարկ է տալիս ուրանի հարստացման աշխատանքներին։ Ինչպես գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին է ասել, դա իրենք անում են եվրոպական գործընկերների կողմից պայմանագիրն անտեսելու փաստին ի պատասխան։
՝՝Դուք չեք կատարել ձեր պարտավորություններից եւ ոչ մեկը՛՛, հայտարարում է նա։
Իրանն այնուամենայնիվ պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, եթե Միացյալ Նահանգները նորից միանա 2Օ15 թվականին կնքված միջազգային միջուկային պայմանագրին եւ դադարեցնի պատժամիջոցները։ Վաշինգտոնը սակայն պնդում է, թե բանակցելու իրենց կոչերը միշտ էլ արժանանում են Իրանի ագրեսիվ վերաբերմունքին։


Թրամփը կառավարության նիստի ժամանակ երեքշաբթի օրն ասել է, թե իրենք ուզում են կնքել մի գործարք, որը կարգելի Իրանին արտադրել միջուկային զենք, գործարք, որի համաձայն Իրանը պիտի դադարեցնի իր ազդեցությունն այդ տարածաշրջանում։

՝՝Մենք ուզում ենք օգնել նրանց։ Մենք ուզում ենք նրանց լավ վերաբերվել։ Կօգնենք նրանց ամեն կերպ։ Սակայն միջուկային զենք նրանք չպիտի ունենան՛՛, ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի նպատակն Իրանում վարչակարգի փոփոխություն իրականացնելը չէ։

Պաշտպանության նախարարի պաշտոնում Թրամփի ներակայացրած Մարք Էսփերի խոսքերով էլ, ԱՄՆ-ը չի ուզում պատերազմ ընդդեմ Իրանի, եւ ունի դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու նպատակ։

XS
SM
MD
LG