Մատչելի հղումներ

Փախստականության խնդիրը Թրամփի ու Կոնգրեսի դեմոկրատների միջեւ


ԱՄՆ-ի նախագահը, վերջերս դիմելով կին ոչ սպիտակամորթ մի քանի կոնգրեսականների, հորդորեց նրանց վերադառնալ այն երկրները, որտեղից նրանք եկել են։

՝՝Երբ ես լսում եմ, թե ինչ կերպ են նրանք խոսում մեր երկրի մասին, երբ լսում եմ նրանց հակահրեական տեսակետները, երբ լսում եմ Իսրայելի նկատմամբ նրանց ատելության խոսքերը եւ զգում մեր թշնամի ալ Քաիդայի նկատմամբ նրանց սերը, չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը բխում է Դեմոկրատական կուսակցության շահերից՛՛, հայտարարում է Թրամփը՝ խոսելով կոնգրեսականներ Իլհան Օմարի, Ալեքսանդրա Քորտեզի, Ռաշիդա Թլաիբի եւ Այիաննա Փրեսլիի մասին։

Վերջիններս իրենց հերթին դատապարտում են Թրամփին, ռասայական խտրականության, սեռական ու կրոնական տարբերությունների միջոցով ՝՝ժողովրդին մասնատելու մեջ՛՛։

Իրենց երկրները վերադառնալու մասին հայտարարությամբ նախագահը հանդես է գալիս այն ժամանակահատվածում, երբ նրա վարչակազմը հայտարարում է երկրի հարավային սահմանում օտար քաղաքացիների կողմից ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալու գործընթացը դժվարեցնող միջոցառումների մասին։ Այդ միջոցների կիրառումը շատերը համարում են անօրինական եւ հայտարարում դատարաններում դրանց դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին։

Ինչպես վերլուծաբաններից Թոմ Ջավեթսն է բացատրում, Կոնգրեսն ընդունել էր օրենք այն մասին, որ փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ԱՄՆ-ում չեն ընդունի այն անձանցից, ովքեր մինչ ԱՄՆ հասնելը անցել են երրորդ ապահով մեկ այլ երկրի տարածքով։ Այս վարչակազմը, ասում է նա, փորձում է ուժի մեջ մտցնել օրենք, որտեղ ասված է, որ չեն կարող փախստականի դիմում ներկայացնել նրանք, ովքեր անցել են որեւէ երրորդ երկրի տարածքով։ Այսինքն տեքստից հանվում է ՝՝ապահով՛՛ բառը։

Թրամփը նաեւ ասում է, թե իր վարչակազմը շարունակելու է ձերբակալել անօրինական փախստականներին, չնայած այն հանգամանքին, որ չեն երեւում այն լայնամասշտաբ գործողությունները, որոնց մասին խոստանում էր նախագահը։

XS
SM
MD
LG