ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը քննող նախկին հատուկ հետաքննչական խմբի ղեկավար Ռոբերտ Մյուլլերը Ներկայացուցիչների պալատի երկու հանձնաժողովներում հաջորդ շաբաթ պատասխանելու է կոնգրեսականների հարցերին։ Նա խոսելու է խմբի կողմից ներկայացված զեկույցի, գաղտնի հանդիպումների մասին կասկածների ու Թրամփի կողմից արդարադատությունը խոչընդոտելու հետ կապված հարցերի մասին։
Մի հիշեցում, Մյուլլերը մայիս ամսին հորդորել էր չակնկալել զեկույցում ընդգրկված տեղեկություններից ավելի մանրամասն տեղեկություններ իրենից։ ՝՝Զեկույցը իմ վկայությունն է՛՛, ասել էր նա այն ժամանակ։
Խումբը եզրակացրել էր, որ չկան դավադրության, կամ ընտրությունների վրա Ռուսաստանի կողմից ազդեցություն գործելու մասին բավարար փաստեր։
Սակայն Կոնգրեսում նրան են դեմոկրատների կողմից ուղղվելու հարցեր, որոնց պատասխանելը շատ դժվար է լինելու։ ՝՝Եթե մենք վստահ լինեինք, որ նախագահը հանցագործություն չի իրագործել, հենց այդպես էլ կասեինք՛՛, կասկածներ առաջ բերող պատասխան էր տվել Մյուլլերն այն ժամանակ։ Եվ այժմ գլխավոր հարցն այն է լինելու, թե ինչու նա այն ժամանակ որոշեց դատողություններ չանել Թրամփի կողմից արդարադատությունը խոչընդոտելու հնարավորության մասին։ Ինչպես դատական հարցերով հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջերրի Նադլերն է ասում, իրենք մտադիր են պարտադրել Մյուլլերին, որ վերջինս տա զեկույցի վերջնական եզրակացությունը։
՝՝Թող նա Ամերիկայի ժողովրդին ի վերջո ասի, թե ինչ է արել եւ ինչ է պարզել անցած երկու տարիների ընթացքում՛՛, ասում է Նադլերը։
Կոնգրեսում Մյուլլերին ուղղված հարցերը եւ որ ամենակարեւորն է՝ դրանց տրված Մյուլլերի պատասխանները կորոշեն, թե արդյոք դեմոկրատները դրանից հետո վեր կհանեն նախագահին անվստահության քվե հայտնելու հարցը։
Կոնգրեսի լսումները, որոնց ժամանակ Մյուլլերը հանդես է գալու վկայություններով, լինելու է հրապարակային ու տեւելու է մի քանի ժամ։