Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան դատապարտում է ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրությունը


Հյուսիսային Կորեան դատապարտել է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիրը։ Հյուսիսը հայտարարում է, որ վարժանքները կարող են բացասաբար ազդել Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների վրա։

Ինչպես Հյուսիսի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարել, զորավարժությունները ոտնահարում են անցյալ տարի Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չան Ընի միջեւ Սինգապուրում ձեռքբերված համաձայնությունը։ Նախարարության պաշտոնատար անձանցից մեկն ասել է, թե իրենք հետեւելու են իրադարձություններին, հետագա բանակցությունների մասին եզրակացություն կատարելու համար։

ԱՄՆ-ը ու Հյուսիսային Կորեան աշխատանքային մակարդակի բանակցություններ սկսելու շուրջ համաձայնության էին եկել Թրամփի ու Կիմի միջեւ Կորեայի ապառազմականացված գոտում անցյալ ամիս անցկացված արագ կազմակերպված հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիս ամսին Սինգապուրում անցկացված առաջին գագաթաժողովի ժամանակ Թրամփն ու Կիմը համաձայնվել էին աշխատանքներ ծավալել Կորեական թերակղզին միջուկազերծելու ուղղությամբ։ Սակայն կողմերը միակարծիք չեն այդ արտահայտության իմաստի շուրջ եւ այդ գործընթացը սկսելու հարցում։ Այդ գագաթաժողովի ժամանակ էր, որ Թրամփը համաձայնեց ժամանակավորապես դադարեցնել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները, վարժանք, ինչը Հյուսիսը համարում է այստեղ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կողմից ներխուժում իրականացնելու նախապատրաստություն։

XS
SM
MD
LG