Մատչելի հղումներ

Իրանը գոհ է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության արդյունքում չխստացան միջազգային պատժամիջոցները


Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով առաջ եկած հակամարտության մեջ հայտարարում է իր ‘’հաղթանակի’’ մասին, ինչպես երկրի նախագահ Հասան Ռուհանին է ասում, այն պատճառով, որ Վաշինգտոնին չհաջողվեց Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցում ստանալ միջազգային աջակցություն:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Թրամփի վարչակազմի ջանքերով անցյալ տարի դուրս եկավ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից, Վաշինգտոնն իր դաշնակիցներին հորդորում է խստացնել պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, քանի որ վերջինս, անտեսելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները, գերազանցում է հարստացված ուրանի իրեն վերապահված ծավալները: Եթե Վաշինգտոնը հայտարարում է, թե կարող էր միակողմանիորեն դուրս գալ պայմանագրից, Թեհրանն էլ հայտարարում է, թե կարող է ավելացնել հարստացված ուրանի ծավալները: Ավելին, ինչպես ՄԱԿ-ում այս երկրի դեսպանորդ Քազեմ Ղարիբ Աբադին է ասում, միջուկային զենքերը չտարածելու մասին պայմանագրով ուրանի հարստացումը արգելված չէ: ‘’Եվ այն, ինչ մենք անում ենք, անում ենք թափանցիկ ձեւով, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո: Մեր գործունեության ամեն մի փուլ գտնվում է վերահսկողության ներքո: Մենք կոծկելու ոչինչ չունենք’’, հայտարարում է դեսպանորդը:

Սակայն կործանարար պատժամիջոցների ներքո Իրանը փորձում է արգելափակել Պարսից ծոցում նավթակիր միջազգային նավերի երթը: Իրանական նավերն անցյալ շաբաթ փորձեցին կանգնեցնել բրիտանական մի նավթակիր նավ, որն իր երթը շարունակեց միայն բրիտանական ռազմածովային ուժերի միջամտության արդյունքում:


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն էլ որոշել է այս տարածաշրջանում ուղեկցել ամերիկյան նավթակիր նավերին: Որպես ցուցադրական քայլ, Պենտագոնը հրապարակել է վերջերս այստեղ տեղափոխված Harpers Ferry ռազմանավի լիցքավորման գործողությունը:

Շատերն են ասում, որ այս լարվածությունն առաջ եկավ Իրանի հետ կնքված միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշման արդյունքում: Այս հարցում լարվածությունն է՛լ ավելի սրվեց, երբ հրապարակվեց Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանի կողմից Լոնդոն փոխանցված գաղտնի հաղորդագրությունը, որի համաձայն Թրամփն ԱՄՆ-ը պայմանագրից դուրս է բերել պարզապես նախկին նախագահ Բարաք Օբամային հակադրվելու համար:

Իրանի հետ կնքած գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշումը նախկին դեսպանն անվանել է ‘’դիվանագիտական վանդալիզմ’’:

XS
SM
MD
LG