Թուրքիա է հասել ռուսական S-400 մակնիշի հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջին առաքումը: Ուրբաթ օրն այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հեռահար օդային պաշտպանական հրթիռային համակարգը տեղափոխվել է մայրաքաղաք Անկարայի արվարձաններից մեկում գտնվող Մուրթեդի օդային բազա:
Ինչպես արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն է ասել, առաքումն իրականացվել է արդեն իսկ կնքված պայմանագրի համաձայն եւ գործընթացը դեռեւս շարունակվում է: ‘’Մենք որեւէ խնդիր չենք տեսնում եւ գործընթացը շարունակվում է առողջ եղանակով’’, ասել է նա:
ՆԱՏՕ-ում առաջ է եկել լուրջ մտահոգություն, որ դաշինքի անդամներից մեկը, առաջին անգամը լինելով, զենքի առեւտուր է իրականացնում Ռուսաստանի հետ: Կա այն մտավախությունը, որ Թուրքիան մոտենում է Ռուսաստանի ազդեցության շրջանակներին: ՆԱՏՕ-ի անդամներին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ Անկարան մերժել է 2 միլիարդ դոլարի համարժեք գործարքից հրաժարվելու Վաշինգտոնի պահանջը:
ԱՄՆ-ը Թուրքիային նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցներով եւ ամերիկյան F-35 մակնիշի կործանիչների առեւտուրը դադարեցնելու հնարավորությամբ, ինչը Թուրքիային կհասցնի միլիարդավոր դոլարների վնաս` պայմանագրի կետերը խախտելու պատճառով: