Փախստականության հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսնակն ասել է, թե Թրամփի վարչակազմի օրոք միգրանտների համար նախատեսված կացարաններում ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք։ Նա այս խոսքերով հանդես է գալիս ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության զեկույցի հրապարակմանն ի պատասխան։
Խոսնակ Ռավինա Շամդասանին ասում է, թե նախարարության կողմից նկարահանված պատկերներն անգամ վեր են հանում այստեղ տիրող պայմանների մասին փաստեր։ Նրա խոսքերով, հստակ երեւում է կացարաններում ծանրաբեռնվածությունը։ Այստեղ են նաեւ այն երեխաները, որոնց բաժանել են իրենց ընտանիքներից։ ՝՝Ակնհայտ է սննդմթերքի ու բժշկական ծառայությունների պակասը՛՛, ասում է նա։
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Քեվին Մաքալինան շեշտում է այն հանգամանքը, որ հարավային սահմանն անցել է մոտ 5ՕՕ հազար մարդ, սակայն հսկայական աշխատանք է տարվել նրանց բուժսպասարկումը բարելավելու ուղղությամբ։
Չնայած սահմանային վերահսկողությունն ինքնիշխան պետության ներքին հարցն է, ըստ փախստականության հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի գրասենյակի, Միացյալ Նահանգները պարտավոր է ենթարկվել միջազգային օրենքներին։
՝՝Սակայն ցավոք մենք ականատես ենք ԱՄՆ-ի այն քաղաքականության, որը հիմնված է միգրանտներին հայտնաբերելու, կալանավորելու ու արագ արտաքսելու վրա, առանց հաշվի առնելու նրանց մարդու իրավունքները, ինչը լիովին ոտնահարում է մարդու իրավունքների հարցում ստանձնած իր պարտավորությունները՛՛, ասում է խոսնակը։
Հունվար ամսից ի վեր Մեքսիկա է վտարվել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ ժամանած 16 հազար միգրանտ։ Ինչ վերաբերում է կացարաններին, նախագահ Թրամփը դրանք անվանում է ՝՝լավագույն կացարաններ՛՛ ու կոչ անում, որ դա տեսնելու համար այստեղ այցելեն նաեւ լրագրողները։