Մատչելի հղումներ

Լոնդոնն ու Պեկինը բախվել են Հոնկոնգի հարցում


Չինաստանը մեղադրել է Մեծ Բրիտանիային իր գործերում խառնվելու մեջ, քանի որ Լոնդոնն աջակցություն է հայտնել Հոնկոնգի ցույցերին: Մեծ Բրիտանիան զգուշացրել է Պեկինին ծանր հետևանքների մասին, եթե այն խախտի երկու պետությունների միջև պայմանագիրը Հոնկոնգի կարգավիճակի մասին:

Մեծ Բրիտանիայի պետական դրոշը Հոնկոնգում վերջին շրջանի ցույցերի խորհրդանիշներից էր: Մեծ Բրիտանիայի կողմից Չինաստանին այս տարածքի վերահսկողությունը հանձնելու 22-ամյակն այս տարի խամրեց բռնությամբ ուղեկցված բողոքի ցույցերով:

Դրանք ուղղված էին ընդդեմ արտահանձման մասին օրենքի, որով Հոնկոնգից կասկածյալները կարող են տեղափոխվել Չինաստան ու այստեղ կանգնել դատարանի առջև: Մեծ Բրիտանիան նշել է, որ այդ օրենքի ընդունումը հակասում է Լոնդոնի ու Պեկինի միջև 1984 թվականի պայմանագրին, որով հաստատվում էր մեկ պետություն, երկու կառավարման համակարգեր սկզբունքը: Մեծ Բրիտանիան զգուշացրել է Պեկինին ծանր հետևանքների մասին, որոնք կհաջորդեն, եթե պայմանագրի դրույթները խախտվեն:

Չինաստանը հակադարձել է Լոնդոնին՝ քննադատելով Հոնկոնգի պաշտպան ներկայանալու Մեծ Բրիտանիայի ցանկությունը։

Փորձագետների կարծիքով սակայն, խնդիրը ոչ թե Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների դաշտում է, այլ թե ինչպես է Չինաստանը վերաբերվում միջազգային պայմանագրերին:

1997 թվականին Հոնկոնգի հանձնումը Չինաստանին դիտարկվոմ էր որպես Բրիտանական կայսրության ժամանակշրջանի էջի փակում: Հոնկոնգի վերջին նահանգապետ Քրիս Փաթենը սակայն գտնում է, որ Լոնդոնը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հոնկոնգին:

«Մենք պետք է հարգանքի զգացում տածենք Հոնկոնգի նկատմամբ և հատուկ պարտավորության զգացում՝ Հոնկոնգի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ: Դա նշանակում է, որ պետք է բարձրաձայնել այնտեղի իրադարձությունների մասին»,- ասում է Փաթենը:

Սակայն փորձագիտական շրջանակները գտնում են, որ Լոնդոնի հնարավորությունները սահմանափակ են, մասնավորապես Բրեքզիթի պատճառով:

«Չինաստանը աճող տերություն է և հավանաբար երկրորդ գերտերությունը: Մեծ Բրիտանիան թևակոխում է անորոշության շրջան: Մենք Չինաստանի հետ համեմատած թույլ դիրքերում ենք այս պահին Չինաստանի հետ որևէ խնդիր կարգավորելու համար»,- ասում է պրոֆեսոր Սթիվ Ցանգը Լոնդոնի համալսարանից:

Պեկինն իր հերթին շեշտում է, որ ցույցերը Հոնկոնգում իր ներքին գործն է, և որ այն չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG